Թուրքիայից արտաքսում են ադրբեջանցի հայտնի լրագրողին

Armenpress 13:53, 19 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Թուրքիայում ձերբակալվել է ընդդիմադիր միտումներ ունեցող ադրբեջանական «Այնա» եւ «Զերկալո» թերթերի ներկայացուցչության հիմնադիր, հայտնի լրագրող եւ քաղաքագետ Ռաուֆ Միրքադիրովը, ում թուրքական իշխանությունները պատրաստվում են արտաքսել երկրից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ենի Մուսավաթ»-ին հայտնել է Թուրքիայում բնակվող լրագրող Շեյդու Նասիբլին:

Վերջինիս խոսքով` որոշ ժամանակ առաջ ադրբեջանական հիշյալ թերթերի ներկայացուցչությունը վերացվել է: Անցած գիշեր Ռաուֆ Միրքադիրովն ընտանիքի հետ ցանկացել է ավտոբուսով հեռանալ Թուրքիայից: Սակայն, մեկնելուց 15 րոպե անց ավտոբուսը կանգնեցվել է, լրագրողի եւ ընտանիքի անդամների նկատմամբ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերվել: Առանց որեւէ պատճառ նշելու, Ռաուֆ Միրքադիրովին իջեցրել են ավտոբուսից: Ներկայում նա գտնվում է Թուրքիայի անվտանգության տնօրինության միգրացիոն ծառայությունում, որտեղ իրականացվում է նրան Ադրբեջան արտաքսելու գործառույթը: Նշվում է նաեւ, որ Ռաուֆ Միրքադիրովին թույլ չեն տալիս հանդիպել ընտանիքին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am