Մեկնարկել են Արցախի համայնքապետերի համար նախատեսված հերթական դասընթացները

Armenpress 10:48, 16 Ապրիլ, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ կառավարության շենքում արդեն երրորդ օրն է, ինչ ընթանում են համայնքների ղեկավարների սեմինար-դասընթացները,որոնք ունեն  համայնքների ղեկավարների՝ տեղական նշանակության հարցերը լուծելու  և սեփականությունը տնօրինելու  կարողությունների, կառավարչական հմտությունների  զարգացմանը նպաստելու նպատակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Տիգրան Աթանեսյանը, այս տարվա սեմինար-դասընթացների երկրորդ փուլին մասնակցում են  25  համայնքների ղեկավարներ:

Համայնքների ղեկավարների համար նախատեսված սեմինար-դասընթացների թեմաններն, ըստ Աթանեսյանի, վերաբերում են ԼՂՀ Սահմանադրության, ԼՂՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգի, իրավական հսկողության  և պետական վերահսկողության, համայնքի քառամյա զարգացման, համայնքի ղեկավարի գործունեության  հասարակական կարգի պահպանության բնագավառին և այլ հարցերի:

«Սեմինար դասախոսությունների կազմակերպման նպատակը համայնքների ղեկավարների լիազորությունների   բարձրացրած  հարցերի, հասարակական կարգի պահպանման, գլխավոր ուղղությունների հարցերի լուծումն է, որոնք առնչություն ունեն համայնքի բնակչության հետ»,-ասել է Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր դասախոսության համար ընտրված է համապատասխան ոլորտի ներկայացուցիչ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am