ՆԱՏՕ-ն արտահերթ նիստ է գումարում` քննարկելու հետագա քայլերը Ուկրաինայի իրադրության համատեքստում

Armenpress 10:20, 16 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն ապրիլի 16-ին Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ է գումարում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, նիստում նախատեսվում է քննարկել եվրոպական երկրների պաշտպանունակության ամրապնդման հարցը՝ Ուկրաինայի իրադրության հաշվառմամբ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նախօրյակին հայտարարել է. «Մենք ստացել ենք հնարավոր միջոցառումների վերաբերյալ զինվորականների առաջարկությունները: Դրանցից մի քանիսը մենք կարող ենք իրականացնել մոտ ժամանակներս, մյուսները՝ ապագայում: Չորեքշաբթի մենք կքննարկենք այդ առաջարկները եւ որոշում կընդունենք»:

«Ինտերֆաքս»-ը հաղորդել է, որ նիստում քննարկվելու են ամերիկացի գեներալ, Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար Ֆիլիպ Բրիդլավի առաջարկությունները: Մասնավորապես, կարծարծվեն համատեղ զորավարժությունների անցկացումը եւ Արեւելյան Եվրոպայում զինված ուժերի ավելացումը: Բրիդլավը խոստացել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքն առաջիկայում կներկայացնի «խաղաղության ապահովման» համապարփակ ծրագիր՝ թելադրված Ուկրաինայի արեւելքի եւ Ղրիմի իրադրությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am