Երևանյան բեսթսելեր 2/7. «Քարե երազները» կրկին հայտնվել է վարկանիշային աղյուսակում
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկությունով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ահա արդեն մեկ տարուց ավելի ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Երկրորդ հորիզոնականում կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակն է: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» ստեղծագործությունն այս անգամ երրորդ հորիզոնականում է: Կաֆկայի ստեղծագործությունների մեծ մասը տպագրվել է հեղինակի մահից հետո։
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է «Ոսկե եղեգն» պետական գրական մրցանակի դափնեկիր երջանկահիշատակ Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս է տեսել վերջերս: Գրողի մահվանից հետո այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց: Խեչոյանի հարազատները և ընկերները մխիթարվում են այն փաստով, որ գրողը կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի ազդօրինակը:
Վեցերորդ հորիզոնականում գերմանացի գրող Բերնհարդ Շլինկի «Ընթերցողը» վեպն է: Այն տպագրության առաջին իսկ օրվանից ուշադրության արժանացավ ընթերցողների կողմից: Վեպը ներկայացնում է տասնհինգամյա պատանու և երեսունվեցամյա կնոջ սիրո պատմությունը, որն ընդհատվում է այդ կնոջ անսպասելի անհետացմամբ: Տարիներ անց պատանին, որն արդեն իրավաբանություն էր ուսանում, կնոջը հանդիպում է դատարանում: Պարզվում է, նա հսկիչ է եղել համակենտրոնացման ճամբարում: Վեպում յուրօրինակ ձևով քննարկվում են Հոլոքոստի, նացիոնալ-սոցիալիստական ժամանակների իրողությունները, մեղքի և քավության խնդիրները:
Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքը վարկանիշային աղյուսակի հաջորդ գիրքն է: Ստեղծագործությունը հեղինակի ամենանշանավոր գործերից մեկն է, նաև համարվում է աշխարհի ամենաընթերցվող վեպերից մեկը: Առաջին անգամ հրատարակվել է 1890 թ. անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպագրվել է միայն 1891-ին:
Ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմը կրկին ընդգրկվել է վարկանիշային աղյուսակում: Գիրքը սպասվածից առավել հետաքրքրությամբ ընթերցվեց և գնահատվեց: Վեպն ապացուցեց, որ հայ հասարակությունը նման անդրադարձի էր սպասում հատկապես, երբ պատմության այդ էջերին անդրադարձը կատարել է ադրբեջանցին: «Քարե երազները» պատմում է 1989թ. Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Այլիսլին ներկայացնում է, թե ինչպես են իր հերոսները քննադատում ադրբեջանական իշխանությունը և միևնույն ժամանակ մտածում ոտքով գնալ Էջմիածին և դառնալ քրիստոնյա: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման:
Անգլիացի բանաստեղծուհի և վիպասան Էմիլի Բրոնտեի «Մոլեգին հողմերի դարավանդը» գիրքը ևս բեսթսելերների ցանկում է: Բրոնտեի երկերից առավելապես հայտնի է հենց այս ստեղծագործությունը, թեև նա ունի այնպիսի առաջնակարգ բանաստեղծություններ, որոնց շնորհիվ դասվում է Բլեյքի, Շելլիի և Բայրոնի նման գրողների շարքը:
«Երևանյան բեսթսելերն» այս շաբաթ եզրափակում է բրազիլացի ժամանակակից գրող Պաուլո Կոելյոյի «Տասնմեկ րոպե»-ն: Սա պատմություն Է Մարիա անունով մի մարմնավաճառի, նրա երազանքների, հասունացման և սիրո մասին: Այն սկսվում է հեքիաթի պես և հեքիաթի պես էլ ավարտվում: Անցնելով ամենատարբեր փորձությունների միջով՝ Մարիան ի վերջո հասկանում է, որ իսկական սեռազգայական վայելքն անհնար է առանց մարմինների և հոգիների ներդաշնակության, ինչը մարդուն կարող է պարգևել միայն իսկական սերը:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 *Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»
Նաիրի 13 2 *Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
ՎԱ-ՀԱ 12 3 *Ֆրանց Կաֆկա«Դատավարություն»
Ապոլոն 11 4 -1Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին»
Զանգակ 9 5 -3Բերնհարդ Շլինկ «Ընթերցողը»
Զանգակ 6 7 *Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
Էդիթ Պրինտ 6 8 *Աքրամ Այլիսլի «Քարե երազներ»
Գրաբեր 6 9 *Էմիլի Բրոնտե «Մոլեգին հողմերի դարավանդը»
Նաիրի 5 10 *Պաուլո Կոելյո «Տասնմեկ րոպե»
Գիտանք 5Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024