ՏՏ ոլորտում հաջողված հայրենադարձները իրենց փորձը կփոխանցեն Թեհրանի հայկական համայնքին

Armenpress 10:26, 8 Ապրիլ, 2014

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների Հայաստանի մասնագետները երկրի ձեռքբերումները ներկայացնող հանդիպումներ կունենան Թեհրանի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ապրիլի 14-17-ը ծրագրված ֆորումի ընթացքում Թեհրանում հանդիպումներին կմասնակցեն նաեւ արդեն հայրենիքում հաստատված իրանահայերը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միությունից, միջոցառման շրջանակներում Հայաստանում հաստատված հայրենադարձները կխոսեն Հայաստանի հետ կապեր հաստատելու հնարավորությունների մասին, կներկայացնեն գործող պետական և ոչ պետական կրթական, ճանաչողական ու կամավորական ծրագրերը, կզրուցեն իրենց անձնական փորձառության մասին: Հիմնական ծրագրից բացի, ԻՏՁՄ-ի ներկայացուցիչները կներկայացնեն Հայաստանում արագ զարգացող ՏՏ ոլորտի ձեռքբերումները, հեռանկարներն ու մասնագիտական հնարավորությունները: 

«Ճանաչիր Հայաստանը» (Imagine Armenia) խորագիրը կրող ֆորումը կազմակերպել են Թեհրանում «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը Ինֆորմացիոն տեխնոլոգիական ձեռնարկությունների միության հետ համատեղ`Սփյուռքի նախարարության աջակցությամբ: Այցի շրջանակներում խումբը նախատեսում է իրականացնել երեք առանձին հանդիպում համայնքի ղեկավար ներկայացուցիչների, երիտասարդական ու ուսանողական միությունների անդամների և ֆորումով հետաքրքրված գործարարների հետ:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am