Ուորլիքն անհամբերությամբ սպասում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը

Armenpress 17:35, 19 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ամերիկացի համանախագահը թվիթերյան իր միկրոբլոգում այդ մասին գրառում է կատարել: «Անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործանախարարների հետ հանդիպմանը` մարտի 23-25-ը Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության վեհաժողովին»,- նշել է ՈՒորլիքը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 19-ին Վիենայում: Նախագահները հանձնարարել էին ԱԳ նախարարներին շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Համանախագահները մարտի 10-ին Փարիզում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ, իսկ մարտի 11-ին Մոսկվայում` ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am