Չինաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

Armenpress 10:34, 10 Մարտ, 2014

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ Չինաստանը հանդես է գալիս Ուկրաինայում ստեղծված իրադրությունը «քաղաքական ու դիվանագիտական միջոցներով» կարգավորելու օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված Է Չինաստանի Ագ նախարարության հայտարարության մեջ:

«Չինական կողմը ուկրաինական հարցում անկողմնակալ ու արդար դիրք է բռնել: Ուկրաինայի իրադրությունը չափազանց բարդ է, ներկա պայմաններում բոլոր կողմերին անհրաժեշտ է պահպանել սառնասրտությունը եւ զսպվածությունը, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են բերել լարվածության աճի: Անհրաժեշտ է պահպանել ճգնաժամը քաղաքական ու դիվանագիտական միջոցներով լուծելու ուղեգիծը»,- ընդգծել է Սի Ցզինպինը:

ՉԺՀ-ի նախագահը նաեւ հույս է հայտնել, որ «համապատասխան բոլոր կողմերին կհաջողվի տարաձայնությունները լուծել երկխոսության եւ կոնսուլտացիաների միջոցով»:

Ինչպես նշում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ավելի վաղ ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ հանդես է գալիս միջազգային հարաբերություններում պատժամիջոցների սպառնալիքի պրակտիկայի դեմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am