Երևանյան բեսթսելեր 2/2. Լևոն Խեչոյանի գիրքը մեկ շաբաթում աննախադեպ մեծ թվով է վաճառվել
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Հայաստանի գրողների միության անդամ, «Ոսկե եղեգն» գրական պետական մրցանակի դափնեկիր Լևոն Խեչոյանի`«Մհերի դռան գիրքը» վեպը, որը լույս տեսավ վերջերս հետմահու: Այն հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը: Գիրքն առաջին անգամ փետրվարի 28-ին ներկայացվեց հանրությանը և միանգամից ռեկորդային վաճառք արձանագրեց: Խեչոյանի ընկերները մխիթարվում են այն փաստով, որ գրողը կարողացավ մահվանից առաջ գոնե տեսնել գրքի օրինակը:
Լևոն Խեչոյանի մեկ այլ ստեղծագործություն` «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպն այս շաբաթ երկրորդ հորիզոնականում է: Այն երեք հրատարակություն է ունեցել: Լևոն Խեչոյանը, չվախենալով ֆինանսական և տեխնիկական սուղ վիճակից, երբ չկար ոչ գումար, ոչ էլ թուղթ, երբ դժվար էր ապրուստը իր և բոլորիս համար,1995թ. հրատարակեց իր ստեղծագործությունը: Վեպը վերահրատարակվեց 2002-ին, որին հաջորդեց երրորդ հրատարակությունը: Սա խոսում է այն մասին, որ Լևոն Խեչոյանի գրքերը գրախանութներում ամենափնտրվածներից են ու ամենահարցվածներից մեկը` գրադարաններում: «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» պատմավեպի մասին բազմաթիվ հոդվածներ և ուսումնասիրություններ են գրվել: Գիրքը հիմնված է 4-րդ դարի պատմական իրադարձությունների վրա, որոնք Խեչոյանը յուրովի է ներկայացնում ու մեկնաբանում: Գրողը պատմում է նաև նորագույն ժամանակների հայկական անկախ պետականության կայացման դժվարությունների մասին: Այդ առումով վեպը նաև մեր ժամանակների մասին է՝ հասարակական, քաղաքական ու սոցիալական հարցերի առարկայական ճանաչելիությամբ:
Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է բոլոր ժամանակների ամենապահանջված գրքերից մեկը` ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: Գիրք առաջին անգամ հրատարակվել է 1943 թ. և համարվում է Էքզյուպերիի ամենահայտնի ստեղծագործությունը: Այն տպագրել է «Անտարես» հրատարակչությունը: Գրախանութներում արդեն մնացել են ստեղծագործության հաշվված օրինակներ: Ստեղծագործությունը թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակ:
Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը ևս ամենաշատ վաճառված գրքերի ցանկում է: Այն հանրությանը հայտնի է նաև «Նարեկ» անունով և ամենաճանաչված ու կարդացված միջնադարյան հայերեն ստեղծագործությունն է: Ըստ ժողովրդի մեջ արմատացած համոզմունքի, պոեմն առանձնանում է նաև իր հրաշագործ ներգործությամբ և բուժիչ հատկություններով: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում:
Բեսթսելերների ցանկում ընդգրկված հաջորդ գիրքը ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» է, որն առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. և համարվում է ամերիկյան գրականության մեջ «ջազի դարաշրջանին» բնորոշ ստեղծագործություններից մեկը:
Գերմանացի գրող Ֆրանց Կաֆկայի «Դղյակը» զբաղեցնում է վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականը: Այն համարվում է 20-րդ դարի գրականության մեծագույն նվաճումներից մեկը:
Սրան հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վիպակը: Այն 2010 թ. ռուսերենից թարգմանել է Հովհաննես Այվազյանը: Երկը լայն ճանաչում է գտել Հայաստանում` հաճախակի հայտնվելով բեսթսելերների շարքում:
Վարկանիշային աղյուսակի ութերորդ հորիզոնականն է զբաղեցնում Օնորե դը Բալզակի «Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը» ստեղծագործություններն ամփոփող գիրքը:
Նախագծի վարկանիշային աղյուսակում ընդգրկվել է նաև երիտասարդ բանաստեղծ Կարեն Անտաշյանի «Ծիլի-Ծով. գիրք հմայության» բանաստեղծությունների ժողովածուն: Այն հանրությանն առաջին անգամ ներկայացվել է բոլորովին վերջերս` փետրվարի 15-ին: Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: «Ծիլի-Ծովը» կենաց հասուն բնազդների և հմայական հետազոտությունների գիրք է: Այստեղ ես սրբազնացնում եմ Ջուրը՝ որպես Կյանքի հիմնական հումք, և Կյանքը՝ որպես Ջրի հրաշալի հատկություն: Կյանքի ինքնարարումը ջրից նույնական է լեզվից իմաստներ խոսելուն, իսկ լեզվի բնազդին հետևելով բանաստեղծելը իրականություն հրահրող հմայություն է»,- գրել է հեղինակն իր նոր գրքի անոտացիայում:
«Երևանյան բեսթսելերը» եզրափակում է անգլիացի գրող Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործությունը, որը գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիստական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված է Չինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 նորԼևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը»
Անտարես 288 2 +4Լևոն Խեչոյան «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի»
Անտարես 35 3 -2Անտուան դը Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը»
Անտարես 16 4 -2Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության»
Նաիրի 15 5 -2Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ «Մեծն Գեթսբին»
Զանգակ 14 6 -1Ֆրանց Կաֆկա «Դղյակը»
Ապոլոն 11 7 +2Գաբրիել Գարսիա Մարկես «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»
ՎԱ-ՀԱ 8 8 *Օնորե դը Բալզակ «Շագրենի կաշին» և «Երեսնամյա կինը»
Նաիրի 7 9 *Կարեն Անտաշյան «Ծիլի-Ծով. գիրքհմայության»
Անտարես 6 10 -3Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»
Անտարես 6Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
- «Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մարտ,
2024
- Հայաստանի վարչապետն ընդունել է Վրաստանի արդարադատության
նախարարին
- «Երևանյան բեսթսելեր»․ «Ջունգլիների գիրքը» ՝ առաջատար. մանկական.
փետրվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Ատոմային սովորություններ» գիրքն ՝ առաջատար.
փաստավավերագրական, հունվար, 2024
- «Երևանյան բեսթսելեր». «Բվիկ Բուուի արկածները» ՝ առաջատար. մանկական.
հունվար, 2024