Կյանքից անժամանակ հեռացել է բեմանկարիչ Վահագն Թևանյանը

Armenpress 19:59, 18 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ, փետրվարի 18-ին 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացած Վահագն Թևանյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 20-ին` Շահումյան համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ընկերները և հարազատները Թևանյանին վերջին անգամ հրաժեշտ կտան փետրվարի` 21-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի շենքում:   Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վահագն Թևանյանը ծնվել է 1958 թ. ապրիլի 20-ին, Երևան քաղաքում: 1977թ. ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի  պետական տեխնիկումը, ապա, 1983-ին` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի բեմանկարչության բաժինը: 1981-83թթ. Վահագն Թևանյանը աշխատել է Գ. Սունդուկյանի  անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես նկարիչ-բեմադրող, իսկ 1984-90 թվականներին` Երևանի  Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1990թ. վերադարձել է Մայր թատրոն, որտեղ և աշխատում էր մինչ օրս: 2009թ.-ից Վ. Թևանյանը աշխատում էր Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես գլխավոր նկարիչ:

Վ. Թևանյանը Հայաստանի նկարիչների և թատերական գործիչների միությունների անդամ էր, Երևանի թատրոնի և կինոյի պետական  ինստիտուտի կերպարվեստի և անիմացիոն բաժնի դոցենտ, ՀԹԳՄ-ի ամենամյա  «Արտավազդ» մրցանակի կրկնակի դափնեկիր:

Թևանյանը ձևավորել է ներկայացումներ Հայաստանի տարբեր թատրոններում` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական, Հր. Ղափլանյանի անվան  դրամատիկական, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական, Երևանի պատանի հանդիսատեսի, «Համազգային» և «Գոյ» փորձարարական թատրոններում: Վ. Թևանյանը ձևավորել է շուրջ 40 ներկայացում: Կատարել է նաև բազմաթիվ ներկայացումների զգեստների  ձևավորումները: Մասնակցել է միջազգային և հանրապետական բեմանկարչական տասնյակ ցուցահանդեսների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am