Գագիկ Եգանյանը խորհուրդ է տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու սահմանված կարգը
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը ՌԴ մեկնելու մտադրություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս նախօրոք պարզել իրենց մուտքն արգելված Է տվյալ երկիր, թե ոչ: ՏԿՆ Միգրացիոն ծառայության պետը պատասխանել է ՀՀ քաղաքացիների` Ռուսաստանի Դաշնություն մուտքի ընթացակարգերի թեմայի առնչությամբ «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին:
-ՀՀ քաղաքացիները վերջերս դժվարություններ են ունենում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս: Ինչո՞վ են պայմանավորված այդ դժվարությունները:
-Ռուսաստանի Դաշնությունը վերջին շրջանում խստացրել է օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ վարվող քաղաքականությունը և կիրառվող պրակտիկան, ինչի արդյունքում, միայն 2013թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում արգելվել է 500 հազար օտարերկրյա քաղաքացիների (որոնց թվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիները) մուտքը Ռուսաստան` 3-5 տարի ժամկետով:
-Ովքե՞ր են հայտնվել այդ ցուցակներում:
-Այն անձինք, ովքեր խախտել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության պահանջները (օրինակ` 7 -օրյա ժամկետում հաշվառվելու փոխարեն հաշվառվել են ավելի ուշ, կամ 90 օրից ավել են գտնվել ՌԴ-ում և այլն) կամ էլ կատարել են 2 և ավելի վարչական իրավախախտում: Ընդ որում, անձի կողմից կատարված խախտման փաստն ի հայտ է գալիս Ռուսաստանի տարածքից դուրս գալիս:
Դրանից ելնելով խորհուրդ ենք տալիս ՌԴ մեկնելու մտադրություն ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիներին, առավել ևս նրանց, ովքեր կասկածներ ունեն, որ իրենց մուտքը կարող է արգելված լինել, մինչև տոմս գնելը այցելել Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայության (ФМС) պաշտոնական կայքէջի https://services.fms.gov.ru/info-service.htm?sid=3000 բաժինը, և մուտքագրելով անհատական տվյալները` պարզել իրենց մուտքն արգելված Է թե՞ ոչ:
-Ի՞նչ է անհրաժեշտ անել Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելիս և դրանից հետո:
-ՌԴ մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներին տրվում են միգրացիոն քարտեր: Անհրաժեշտ է լրացնել միգրացիոն քարտի երկու բաժինները «А» և «В»: Եթե դուք մուտք եք գործում ՌԴ աշխատելու նպատակով, ապա քարտի «մուտքի նպատակը (цель вьезда)» մասում անհրաժեշտ է ընդգծել «աշխատել (работать)» բառը, հակառակ պարագայում դուք աշխատելու իրավունք չեք ստանա: ՌԴ սահմանը հատելիս միգրացիոն քարտի «В» մասը վերադարձվում է ձեզ, որը պետք է պահել մինչև ՌԴ տարածքից դուրս գալը: Քարտի այդ մասի վնասվելու կամ կորստյան դեպքում դուք պարտավոր եք 3 օրվա ընթացքում այդ մասին հայտնել ФМС -ի ձեր գտնվելու վայրի մոտակա տարածքային մարմնին, քարտի կրկնօրինակը ստանալու համար:
Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, անկախ այցելության նպատակից և տևողությունից, անհրաժեշտ է հաշվառվել ФМС -ի ձեր գտնվելու վայրի տարածքային մարմնում: Միգրացիոն հաշվառման կանգնած լինելու փաստը հաստատվում է Տեղեկացման «Уведомления» թերթիկի կտրված մասի առկայությամբ որի վրա համապատասխան նշում կա:
Եթե դուք մուտք եք գործել ՌԴ հարազատներին այցելության, զբոսաշրջության և այլ նպատակներով, ապա 2014թ. հունվարի 1-ից սկսած կարող եք ՌԴ-ում գտնվել գումարային առումով 90 օր` յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում: Այլ կերպ ասած 89-րդ օրը դուք պարտավոր եք լքել Ռուսաստանի տարածքը և կարող եք այնտեղ վերադառնալ միայն 90 օր հետո: Այս կարգը խախտելու համար նախատեսվում է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով:
Եթե դուք մուտք եք գործել ՌԴ աշխատելու նպատակով ապա պետք է ձեռք բերեք աշխատանքի թույլտվություն կամ հավաստագիր (патент): Այս դեպքում Դուք հնարավորություն կունենաք օրինական ճանապարհով ՌԴ-ում գտնվել 3 ամսից ավելի երկար` մինչև 1 տարի ժամկետով: Աշխատանքի թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ФМС -ի ձեր միգրացիոն հաշվառման վայրի տարածքային մարմին: Աշխատանքի թույլտվության տրամադրման դիմումի հետ միասին դԴուք պարտավոր եք ներկայացնել բժշկական տեղեկանք այն մասին որ չեք տառապում թմրամոլությամբ և շրջապատի համար վտանգ ներկայացնող ինֆեկցիոն հիվանդություններով (այդ հիվանդությունների ցանկը հաստատում է ՌԴ կառավարությունը), ինչպես նաև հավաստագիր ՄԻԱՎ վարակի բացակայության մասին: Այն բժշկական հաստատությունների մասին, որոնք տրամադրում են նման տեղեկանքներ ձեզ կիրազեկեն ФМС-ի տարածքային ստորաբաժանումում: Իսկ патент ստանալու համար (որի դեպքում չի պահանջվում բժշկական տեղեկանք) նույնպես անհրաժեշտ է դիմել ФМС-ի տարածքային ստորաբաժանում:
Այսպիսով, անցանկալի հետևանքներից, այն է` հետագայում ՌԴ մուտքի արգելքից խուսափելու նպատակով, խորհուրդ ենք տալիս պահպանել ՌԴ տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու և աշխատելու համար սահմանված կարգը: Այն իր մեջ ներառում է հետևյալը` միգրացիոն քարտի «В» մասի պահում մինչև ՌԴ տարածքից դուրս գալը, հաշվառում ՌԴ մուտք գործելուց հետո 7 աշխատաքանյին օրվա ընթացքում, աշխատանքի թույլտվության կամ պատենտի ձեռք բերում մինչև 90-րդ օրը լրանալը, հակառակ պարագայում ՌԴ-ից մեկնում մինչև 90-րդ օրը:
-Կա՞ն արդյոք խմբեր, ում վրա չեն տարածվում վերոհիշյալ պայմանները:
-Նշված կարգը չի տարածվում այն օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա ում` նշված 90 օրյա ժամկետը լրանալու օրը տրամադրվել է ժամանակավոր բնակության թույլտվություն, կամ կացության կարգավիճակ, կամ ընդունվել են ժամանկավոր բնակության թույլտըվության տրամադրման վերաբերյալ նրանց դիմումն ու այլ փաստաթղթերը: Այս կարգից կարող են խուսափել նաև բարձր որակավորում ունեցող մասնագետները, ՌԴ-ում հավատարմագրված լրագրողները, ՌԴ կրթական հաստատություններում սովորող ուսանողները և ՌԴ առողջապահական հիմնարկներում բուժում անցնող օտարեկրյա քաղաքացիները պայմանով որ նրանք ունեն իրենց կացությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր:
–Ու՞մ կարելի է դիմել վերոհիշյալ խնդիրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար:
-Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել`
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունՀասցե` Երևան, Հրաչյա Քոչար 4; հեռախոս` 22-49-25; կայք- էջ` www.smsmta.am
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության միգրացիոն ռեսուրս կենտրոններՀասցե` Երևան, Խորենացի 213: հեռախոսներ` 57-46-80; 57-47-80
Հասցե` Աշտարակ, Ն. Աշտարակեցի 7: հեռախոսներ (0232)3-52-33; 3-52-93
Հասցե` Իջևան, Վասիլյան 2; հեռախոսներ` (0263)3-15-67;3-11-39
«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության և Հայ օգնության միության կողմից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության զբաղվածության տարածքային կենտրոններին կից ստեղծված միգրացիոն ռեսուրս կենտրոններՀասցե` Արմավիր, Աբովյան 137; հեռախոս` 094 -96- 00-39
Հասցե` Արտաշատ, Իսակով 47; հեռախոս` 093-97-00-69
Հասցե` Վայք, Շահումյան 14; հեռախոս` 094-94-01-16
Հասցե` Գորիս, Մ.Մաշտոց 3; հեռախոս` 093-93-05-56
Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունԿայքէջ` www.fms.gov.ru ընտրել` Обращения граждан այնուհետև Электронная форма приема обращений (Интернет-приемная) հղումը` https://www.fms.gov.ru/treatment/form/ կամ փոստային եղանակով նամակ ուղարկելով 107078, г. Москва, Боярский пер., д. 4. հասցեով: