Վենեսուելայի նախագահը պատերազմ է հայտարարել «սենսացիասեր» ԶԼՄ-ներին

Armenpress 14:18, 8 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ 8 ՓԵՏՐՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի Նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է ընդունել այդ երկրի լրատվամիջոցների գործունեության որոշ սահմանափակումների մասին օրենքներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lenta.ru-ն, ապագա օրենքների նպատակը Մադուրոն համարում է վենեսուելական ԶԼՄ-ների սենսացիոն ձգտումների դեմ պայքարը, ինչպես նաև պայքարը «քարոզչության դեմ, որը սնվում է արյամբ և մահվամբ»: Թե ի՞նչ օրենքներ է ընդունելու նախագահը, չի հաղորդվում:

Միաժամանակ, Մադուրոն վստահեցրել է, որ իրենք «շատ կոշտ» են լինելու: «Թող ինձ անվանեն բռնապետ, ինձ համար միևնույն է», - ասել է Վենեսուելայի Նախագահը: Մադուրոն «բուրժուական» լրատվամիջոցներին մեղադրել է հանցավորության դեմ պայքարում պետության ջանքերը խոչընդոտելու համար: Նրա խոսքով՝ «ամբողջ երկիրը խաղաղություն է պահանջում», իսկ ԶԼՄ ներկայացուցիչները «հիանում են մահվամբ և քարոզում են այն»;

Իրավապաշտպանների տվյալներով՝ Վենեսուելայում 2013-ին բռնի մահով մահացել է 24 հազարից ավելի մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am