«Գահը» կորցնելու վախն Ալիևին մղում է սադրանքների. ռուս փորձագետ

Armenpress 10:06, 4 Փետրվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանային սադրանքներով Ադրբեջանը շոշափում է ղարաբաղյան զինվորական ստորաբաժանումների մարտունակությունը՝  խոցելի տեղերի ծրագիր կազմելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշեց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի սադրիչ գործողություններին և պատերազմ սկսելու ցանկությանը: «Պատերազմ սկսելու ցանկություն կա. չէ որ Ղարաբաղի  համար կռվելու են ոչ թե Ալիևն ու իր շրջապատը, այլ վարձկաններն ու հասարակ ադրբեջանցի տղաները: Սակայն Բաքուն իր անդրօվկիանոսյան տիրոջից  դրա թույլտվությունը դեռ չի ստանա: Գաղտնիք չէ, որ սպասվելիք ռազմական գործողությունները բարդագույն շախմատային կոմբինացիա են, որը հաշվարկվում է ոչ միայն Բաքվում»,- նշեց Զախարովը: Ադրբեջանի՝  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները, Բաքվում և դրա սահմաններից շատ հեռու մշակված ծրագրերի իրականացում է: «Գահը» կորցնելու վախն Ալիևին մղում է սադրանքների:  

«Մենք հասկանում ենք, որ պատերազմի կուսակցությունն Ալիևից պահանջում է ոչ միայն մշտական հայտարարություններ և սպառնալիքներ, այլ նաև գործողություններ: Որպեսզի կարողանա մնալ և գահընկեց չարվել իր իսկ ցեղակիցների կողմից, Ալիևը մշտապես զենք է թափահարում, իսկ նրա հայտարարություններն այն մասին, թե ուժով կվերադարձնի Ղարաբաղը՝ ուղեկցվում են սահմանին կանոնավոր կրակոցներով և խախտումներով»,- նշեց Զախարովը՝ հավելելով, որ դիվերսիաների և սադրանքների քանակն աճում է, երբ Ադրբեջանում առկա ռեժիմը սկսում է ներքին դժվարություններ զգալ: Զախարովի խոսքով՝ հատկապես վերջին կես տարվա ընթացքում շփման գծում ստեղծված լարված իրավիճակը ուղիղ կապ է ունեցել Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: «Իսմայիլում և այլ վայրերում տեղի ունեցած հուզումները մեծ գլխացավանք դարձան Բաքվի ռեժիմի համար: Սոցիալական լարվածության աստիճանն անհրաժեշտ էր նվազեցնել՝ ստեղծելով լարվածություն այլ վայրերում՝ հայ-ադրբեջանական շփման գծում: Հասարակության ռևանշիստական տրամադրությունների վրա խաղալն առայժմ անխափան գործում է՝ ներքին խնդիրներից հեռանալու Բաքվի տակտիկայի համատեքստում»,- ասաց փորձագետը:

Փորձագետը հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները, որտեղ Ալիևը յուրաքանչյուր անգամ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունները: «Միթե հայկական կողմը չի հասկանում, որ Բաքվի ձեռքում միայն դաշույն է: Բավական է հայկական կողմի ներկայացուցիչները շրջվեն կողքի (նույնիսկ ոչ մեջքով) նրանք իսկույն դաշույնը կխրեն թիկունքը: Քանի անգամ է եղել, որ հանդիպումից առաջ ամեն ինչ համաձայնեցվել է, սակայն հանդիպմանն Ալիևը ծոցագրպանից դուրս է բերել կետեր, որոնց նա համաձայն չէ: Դա խաղ է, մեծ թատերական ներկայացում»,- նշեց նա: Փորձագետի համոզմամբ՝ հնարավոր ռազմական գործողություններն ունեն նաև գաղափարախոսական բաղադրիչ: «Հավատացեք, ադրբեջանական հատուկ ծառայությունները, մեծ ֆինանսավորում ստանալով նավթադոլարներից, ամենուրեք գնում են լավ մասնագետ-վերլուծաբանների` այդ թվում Ռուսաստանում: Բաքվի հատուկ ծառայությունները հենց այնպես միլիոնները քամուն չեն տալիս: Հենց նույն Մոսկվայում են աշխատում նրանց վերլուծական կենտրոնները, գնվում են մասնագետներ, որոնք հետագայում արխիվներում Հասանլի կամ այլ նմանատիպ անուններով գրում են Ադրբեջանի մասին հետազոտություններ»,- նշեց Զախարովը՝ հավելելով, որ բարդ չէ ստուգել թե ո՞վ է Ռուսաստանում զբաղվում այդ գործով:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է արխիվներից վերցնել ցիտված փաստաթղթերը և նայել, թե հետազոտողներից ո՞վ է պատճենահանել կամ ուսումնասիրել այդ նյութերը: «Յուրաքանչյուր դեպքում նման նշումներ գոյություն ունեն: Եվ դուք արագ և հեշտությամբ կկազմեք այն անձանց ցուցակը, ովքեր աշխատում են Ադրբեջանի օգտին: Դա արվում է ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Եվրոպայում: Բեռլինում է նստած հատուկ ծառայությունների աշխատակից Վուգար Սեիդովը (Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտ): Նրան հանձնարարված է հետևել եվրոպական լրատվամիջոցներով բոլոր պրոադրբեջանական հրապարակումներին»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ Եվրոպայից Սեիդովը գրում է իր «հերքումները», որոնք իրենց նենգությամբ, անհեռատեսությամբ և անգիտությամբ, գրոշի արժեք էլ չունեն: «Դա, այսպես ասած, գաղափարական հիմքն է ռուսական և հայկական վերլուծաբանների դեմ պայքարի, ովքեր ղարաբաղյան հակամարտության մասին խոսում և գրում են օբյեկտիվ բաներ»,- նշեց Զախարովը:

Վերջին ամիսներին Ադրբեջանն ակտիվացրել է հայկական ուժերի հետ շփման գծում իրականացվող սադրանքները: Հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությությամբ ադրբեջանական կողմը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձ է կատարել: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները, հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններով էլ անցել են կազմակերպված պաշտպանության և, հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ, հետ շպրտել ելման դիրքերը:Հայկական կողմից հերոսի մահով զոհվել է կրտսեր-սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Հունվարի 28-ին ադրբեջանական դիպուկահարի գնդակից եւս մարտական դիրքերում զինծառայող էր զոհվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am