Հոլիվուդում ֆիլմ կնկարահանեն Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպի հիման վրա

Armenpress 18:26, 30 Հունվար, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը մտադրվել է էկրանավորել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը:  Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «The Guardian»-ը, սա Ռայանի ռեժիսորական առաջին աշխատանքն է, որը նա կանվանի «Իթաքա»: Ֆիլմում կխաղան հոլիվուդյան հայտնի դերասաններ Սեմ Շեփարդն ու Մելանի Գրիֆիտը: Ֆիլմի պրոդյուսերն է դերասան Թոմ Հենքսը: Դերասանուհին պատմել է, որ վաղուց էր երազում ֆիլմ նկարահանելու մասին, սակայն վերջին շրջանում առավելագույն ուշադրություն դարձնում էր ոչ թե կարիերային, այլ ընտանիքին: Ռայանը խոստովանել է, որ Սարոյանի վեպն իրեն հուզել է եւ ցանկացել է ֆիլմով զրուցել ամերիկացի դեռահասների հետ, գրքի հերոսի օրինակով նրանց սովորեցնել լինել ազնիվ եւ վեհանձն: 

«Մարդկային կատակերգությունը» վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի մտացածին Իթաքա քաղաքում Երկրորդ Համաշխարհային Պատերազմի օրոք։ Քաղաքի նախապատկեր է ծառայել Սարոյանի հարազատ Ֆրեզնոն։ Հոմեր Մակաուլեյը 14-ամյա տղա է, որը մեծանում է անհայր ընտանիքում Կալիֆորնիայի Իթաքա քաղաքում երկրորդ համաշխարհային պատերազմի օրոք։ Հոմերի ավագ եղբայրը՝ Մարկուսը, հեռացել է տնից պատերազմում կռվելու համար, և Հոմերը զգում է տան տղամարդու դերը ստանձնելու անհրաժեշտությունը։ Դրամ վաստակելու նպատակով՝ տղան աշխատանքի է անցնում փոստային հեռագրային գրասենյակում, որտեղ ժամանակ առ ժամանակ ստիպված է լինում զինվորների մահվան մասին հեռագրեր հասցնել սպանվածի հարազատներին։ Չնայած սրան` Հոմերը շարունակում է իր առօրյա կյանքը՝ հաճախելով դպրոց և եկեղեցի, շփվելով ընկերների և ընտանիքի անդամների հետ։ Դաստիարակությունը և բնածին բարու ու չարի զգացումները տղային ստիպում են մնալ հույսերով լի և ազնվաբարո անձնավորություն։ Վեպը գրված է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ հույս ներշնչելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am