Ծխախոտի գովազդի արգելքն էապես կնվազեցնի նոր ծխողների թիվը

Armenpress 10:52, 27 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը մշակում և իրականացնում է ծխախոտի ու ծխախոտային արտադրատեսակի օգտագործման և առողջության վերահսկման ու առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված՝ ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիր: «Գովազդի մասին» օրենքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության` արդեն հավանության արժանացած նախագիծը Ազգային ժողովում դեռ ընթերցում չի անցել, սակայն 2014 թ-ին օրենքի ուժ ստանալու դեպքում կարգելվի ծխախոտի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և տեղեկատվության էլեկտրոնային այլ միջոցներով: Օրենքով կարգելվի ծխախոտի ապրանքատեսակների ցանկացած գովազդ, վաճառքի խթանումն ու հովանավորչությունը: 

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ծխախոտի գովազդը առողջապահական ոլորտում լուրջ հաջողությունների հասած երկրներից ճնշող մեծամանությունում արգեված է ամբողջությամբ: Ուկրաինայում բոլորովին վերջերս է օրենքն ուժի մեջ մտել, Ռուսաստանն էլ մոտ է այդ արգելքին»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: Նրա գնահատմամբ` գոյություն չունի ծխախոտի գովազդն արգելող մոդել, որը կարող է ներդրվել և միանգամից հաջողություն ունենալ, փոխարենը ծխախոտի օգտագործմանը խոչընդոտելուն միտված քայլերը պետք է աստիճանաբար կատարվեն: «Գովազդի արգելումն առաջին հերթին նրա համար է, որպեսզի նվազեցվի դրա գայթաղիչ և հասանելի լինելը բնակչության համար»,- բացատրեց Բազարչյանը: Ծխախոտի գովազդներն առավել միտված են նոր սկսող, ոչ թե, այսպես ասած, «100 տարվա» ծխողներին:

«Կարող եք դուրս գալ փողոց և համոզվել, թե որքան շատ են կանանց համար նախատեսված ծխախոտային ապրանքատեսակները: Շրթներկի կամ հեռախոսի տեսք ունեցող ծխախոտատուփերից էլ սկսվում է ծխախոտի գովազդը»,- ասաց «Ծխախոտի դեմ պայքարի ազգային ծրագրի» համակարգողը` ավելացնելով, որ այն փաստը, որ  ծխախոտային ընկերությունները խաղարկում են տարատեսակ  թանկարժեք տեխնիկա, մարզական իրեր, նույնպես պատահական չէ, և այդ խաղարկությունը բնավ 60 տարեկան ծխողի համար չի նախատեսված:

Ծխելն աշխարհում պատճառ է դառնում յուրաքանչյուր տասներորդ մարդու մահվան:   Ամեն օր ծխելու հետևանքով մահանում է ավելի քան 300 մարդ: Մինչև 2020 թվականը ծխելու հետ առնչվող 10 մահերից 7-ը լինելու են ցածր և միջին եկամուտներ ունեցող երկրներում: Աշխարհում ծխում է մոտավորապես 1.1 միլիարդ մարդ:

Առողջապահության նախարարության տրամադրած վիճակագրության համաձայն` Հայաստանի մեծահասակ (16 և բարձր) բնակչության 25. 6 տոկոսը կանոնավոր ծխող է, որտեղ տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52 տոկոս, իսկ 20-65 տարեկանների շրջանում` 57. 7 տոկոս: Դպրոցականների շրջանում ծխողները կազմում են 3,5 տոկոս, որից 6.1 տոկոսը տղաներ են, 1.2 տոկոսը` աղջիկներ:

 Տասնամյակներ շարունակ ծխախոտը համարվել է աննախադեպ սպառողական ապրանք հարկեր սահմանելու համար: Այսօր բոլոր երկրները զանազան մեթոդներով հարկել են ծխախոտը, երբեմն սահմանելով բավական բարձր հարկեր: Գնային և հարկային միջոցները հանդիսանում են բնակչության տարբեր խմբերի, հատկապես երիտասարդության շրջանում ծխախոտի օգտագործման նվազեցման արդյունավետ և կարևոր միջոց: Երբ ապրանքի գինը բարձրանում է, ապա ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելի են հակված կրճատելու այդ ապրանքի օգտագործումը, քան բարձր եկամուտ ունեցողները, և, հակառակը, երբ ապրանքի գինը նվազում է, ցածր եկամուտ ունեցող մարդիկ ավելացնում են դրա օգտագործումը: Հետազոտությունները ցույց են տվել, որ միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներում գնային և հարկային միջամտությունների կիրառումը ավելի արդյունավետ է, քան բարձր երամուտ ունեցող երկրներում:

Եթե բարձր եկամուտ ունեցող երկրներում 10 տոկոսի գնի աճը հանգեցնում է ծխախոտի օգտագրծման 4-5 տոկոս իջեցման, ապա ցածր եկամուտ ունեցող երկրներում նմանատիպ միջամտությունները կարող են հանգեցնել ծխախոտի օտգագործման նվազեցմանը 7-8 տոկոսով: Սա է պատճառը, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծխախոտի օգտագործման նվազեցման համար չափազանց արդյուավետ միջոց է համարում հարկերի բարձրացման քաղաքականությունը և կարևորում հավաքագրված վճարների նպատակային օգտագործումը:

Չինաստանի ամենամեծ քաղաքներից մեկում` Շանհայում, կամ ԱՄՆ-ի Մասաչուսեթս, Արիզոնա, Օրեգոն նահանգնրում հավաքագրված գումարների որոշակի մասը նպատկաուղղում են հակագովազդին, առողջության պահպանման վերաբերյալ գիտելիքների բարձրացման ծրագրերի իրականացմանը: Նոր Զելանդիայում և Ավստրալիայում որդեգրել են Vic-Health մոդելը, որի համաձայն ծխախոտային արտադրատեսակներից գոյացած հարկային վճարների մի մասն ուղղվում է սպորտային և մշակութային միջոցառումների ֆինանսավորմանը: Ուսումնասիրելով այս մոդելը` Թաիլանդը ներդրել է նույնատիպ մեխանիզմ, որի օգնությամբ ֆինանսավորվում են առողջապահական ծրագրեր:

Հաշվի առնելով այլ երկրների փորձը, առաջարկվում է ծխախոտի հարկերի ավելացումից գոյացած եկամուտները 2014 թվականից սկսած ուղղել ծխախոտային ոլորտ: Հավաքագրված գումարների բաշխումը կարող է ունենալ ծրագրային բնույթ` օգտագործելով առողջ ապրելակերպի քարոզչության և հանրային առողջապահության ոլորտում գերակա այլ խնդիրների լուծման համար, որոնք համարվում են ծախս-արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ:

Հայաստանի Հանրապետությունը 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային (ԾՊՇԿ), որը հանրային առողջության ոլորտում առաջին գլոբալ համաձայնագիրն է: Այն ուժի մեջ է մտել 2005 թ. փետրվարի 28-ին: ՀՀ կառավարությունը 2008 թ-ին, հասարակական կազմակերպությունների առաջարկությամբ և ՀՀ առողջապահության նախարարության միջնորդությամբ, որոշում է ընդունել հոկտեմբերի 12-ը նշել որպես «Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր»: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am