Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կքննարկի Դավութօղլուի այցը Հայաստան

Armenpress 17:13, 26 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստում քննարկվելու է երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Աքշամ» պարբերականը, ԱԱԽ նիստը կգումարվի դեկտեմբերի 26-ին, Չանքայա նախագահական պալատում` Աբդուլլա Գյուլի նախագահությամբ:

Նիստին առաջնահերթ քննարկվելու են երկրի ներքին խնդիրները, օրակարգային զարգացումները, ահաբեկչության դեմ պայքարում գրանցած վերջին զարգացումները: Քննարկվելիք հարցերի թվում են լինելու նաև միջազգային մի շարք զարգացումներ: Մասնավորապես, օրակարգում կլինի Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայի հարցով` «Ժնև-2» հանաժողովից առաջ: ԱԱԽ նիստին անդրադարձ կկատարվի նաև Իրաքի հետ էներգետիկ երկխոսությանը, Իսրայելից փոխհատուցում ստանալու հարցին, օդային պաշտպանության հարցում Չինաստանի հետ համագործակցությանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Հայաստան կատարած այցին և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Հայաստան էր ժամանել դեկտեմբերի 12-ին` մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am