ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտված գործակալների թիվը գերազանցում է Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանի արդյունքները

Armenpress 20:21, 20 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության հակահետախուզական գործունեության մեջ գրանցված հաջողությունները` կատարվող աշխատանքի որակական մակարդակով եւ բացահայտված գործակալների քանակական ցուցանիշով, էապես գերազանցում են Խորհրդային Հայաստանի պետանվտանգության կոմիտեի արդյունքները: ԱԱԾ աշխատակցի օրվա կապակցությամբ հրավիրված հանդիսավոր նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը:

Նրա խոսքով` պետական դավաճանության պարսավելի և նվաստացուցիչ քայլին գնացող յուրաքանչյուր անձ պետք է գիտակցի, որ օրենքի ուժով պատասխանատվությունն անխուսափելի է լինելու: «Ազգային անվտանգության ծառայության գործունեության առաջնահերթություններից մեկն է մնում օտարերկրյա հատուկ ծառայությունների նկրտումներին հակազդելը: Արդեն շուրջ 12 տարի անընդմեջ մենք իրազեկում ենք մեր հասարակությանն Ադրբեջանի օգտին գործած գործակալների բացահայտման փաստերի մասին: Այս տարին նույնպես բացառություն չէր: Հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները հերթական անգամ ապացուցեցին գրահետ եւ հմուտ գործելու, ուժ ու եռանդ պահանջող աշխատանքը հաջողությամբ իրականացնելու իրենց կարողությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հակոբյանը:

ԱԱԾ տնօրենը շեշտեց, որ ընթացիկ տարում բացահայտված ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալի նկատմամբ առաջադրված պետական դավաճանության մեղադրանքն ապացուցվել է դատարանում եւ նա դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման:

«Հետախուզության գլխավոր վարչությունը նպատակաուղղված եւ հետեւողական քայլեր է իրականացնում գործունեության ձեւերն ու մեթոդները կատարելագործելու համար: Մշակված եւ կիրառվող նախահարձակ մարտավարությունն արդեն իսկ տալիս է դրական արդյունքներ»,- ասաց Հակոբյանը: ԱԱԾ աշխատողի օրվա կապակցությամբ հանդիսավոր նիստին ներկա էին նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և այլք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am