Դավութօղլուն ճիշտ կանի սադրիչ հայտարարությունների փոխարեն Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր. Շավարշ Քոչարյան

Armenpress 18:46, 8 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններին հայ-թուրքական հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի առնչությամբ:

-Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի` վերջերս կատարած հայտարարությունները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:

-Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Եթե Թուրքիան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջև քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պետք է ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը և բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am