ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան

Armenpress 14:13, 2 Դեկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական այցով Հայաստան ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի երկրորդ քաղաքում` Գյումրիում է: Օդնավակայանում Ռուսաստանի Դաշնության նախագահին դիմավորեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղի ունեցավ դիմավորման արարողություն` այցելության ամենաբարձր մակարդակի` պետական այցի արարողակարգի համաձայն:

Երկու երկրների նախագահների առաջին կանգառը Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանն է, որից հետո տեղի կունենա հայ-ռուսական միջտարածաշրջանային 3-րդ համաժողով:

Այնուհետեւ, Երեւանում` նախագահական նստավայրում, կկայանան երկկողմ բանակցությունները` երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը եւ պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Կողմերը կքննարկեն նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 3-ին ՌԴ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր կփոխանակեն Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների և հետագա քայլերի շուրջ: Հանդիպման ընթացքում կստորագրվեն երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու համագործակցության խորացմանն ուղղված մի շարք փաստաթղթեր: ՌԴ նախագահի հայաստանյան այցի արդյունքներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն հայտարարությամբ, որը  կներկայացվի Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am