Սպիտակում կներկայացվեն անտառների տրանսֆորմացիայի տարածաշրջանային ծրագրի արդյունքները

Armenpress 15:44, 30 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Հարավային Կովկասի երկրներում անտառների տրանսֆորմացիայի միջոցով անտառային էկոհամակարգերի կայունության բարձրացում կլիմայի փոփոխության նկատմամբ» տարածաշրջանային ծրագրի շրջանակում,  դեկտեմբերի 2-ին շահառուների և լրագրողների համար կկազմակերպվի այց Սպիտակ:  Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Փաբլիսիս հեպտա» ընկերության մեդիա բաժնի պատասխանատու Մարալ Հարությունյանը, մասնակիցներին կցուցադրվի իրականացված դաշտային գործողությունների արդյունքները՝ ուղղված մեղմացնելու կլիմայի փոփոխության ազդեցությունը և բարելավելու կենսաբազմազանությունը, ինչպես նաև կներկայացվի տեղի բնակչության ապրելակերպը:

Միջոցառման մասնակիցները կծանոթանան անտառի տրանսֆորմացիայի դաշտային մի շարք գործողություններին և կտեղեկանան ծրագրի իրականացման ընթացքի, մինչև այժմ իրականացված գործողությունների և հետագա ծրագրերը:

Խոսնակների կազմում հանդես կգան Մատիաս Լիխտենբերգերը՝ Բնության համաշխարհային հիմնադրամ Գերմանիայի ներկայացուցիչը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը կներկայացնի Ջոն Բարքերը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը՝ գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է WWF(Բնապահպանության համաշխարհային հիմնադրամ) հայաստանյան մասնաճյուղի կողմից և ուղղված է անտառների կայունության բարձրացմանը կլիմայի փոփոխության նկատմամբ: Ծրագրի երկու պիլոտային տարածքները (ընդհանուր 150 հա) գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի և Նոյեմբերյանի անտառտնտեսություններում` համապատասխանաբար Լոռու և Տավուշի մարզերում: Աշխատանքների արդյունքում դրանք կվերածվեն ավելի կայուն և բնականին մոտ անտառների: Տարածքների ցանկապատումն ավարտվել է 2012թ-ի վերջում: Անտառի տրանսֆորմացիայի գործողությունները սկսվել են այդ ժամանակ՝ 2012թ-ի աշնանը, և կավարտվեն 2014թ-ի գարնանը: Դրանք իրականացվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am