Իրաքի փոխվարչապետը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 12:11, 7 Նոյեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոուշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 7-ին այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրաքի փոխվարչապետի գլխավորած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհերի հիշատակը:

Հայ-իրաքյան ցուցահանդեսին և ֆորումնի մասնակցելու համար նոյեմբերի 5-ին Հայաստան են ժամանել շուրջ 120 գործարարներ և պաշտոնյաներ: 

2011թ.-ից հետո հայ-իրաքյան հարաբերությունները սկսել են ինտենսիվորեն զարգանալ։ Ձևավորվել է միջկառավարական հանձնաժողով, որի առաջին նիստը կայացել է 2012 թվականին, Բաղդադում։ Հայաստանի և Իրաքի միջև նոյեմբերի 6-ին ստորագրվել է տնտեսական, առևտրային, գիտական  և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: Երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցում է 50 միլիոն դոլարը: 

Իրաքի Հանրապետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am