«Խստություն և սեր». լեգենդար մանկավարժ Վերոնիկայի հաջողության գաղտնիքը

Armenpress 10:56, 4 Հոկտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վերոնիկայի մանկապարտեզ» արտահայտությունը շատերի համար բավական է խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում Հայաստանում և նրա սահմաններից դուրս սպառիչ պատկերացում կազմելու մի ուսումնական հաստատության մասին, որտեղ մանկավարժական լավագույն ավանդույթների հիմքը շուրջ կես դարից ավելի առաջ դրել էր տնօրեն Վերոնիկա Գևոորգյանը: Հայաստանի Հանարպետության վաստակավոր մանկավարժը կենդանի չէ, սակայն նրա թողած մարդկային և մանկավարժական հետքը չափազանց խորն է իր համախոհների, աշակարտների և գործընկերների կյանքում:

Պատմական տեղեկանք

Ամեն ինչ սկսվեց 1953 թվականից, երբ ձմռան մի օր Վերոնիկա Գևորգյանը, ով մասնագիտությամբ տնտեսագետ էր, եկավ Երևանի Շահումյանի շրջանի թիվ 1 մանկապարտեզ, իր որդիներին` Արայիկին և Ալեքսանին մանկապարտեզ ընդունելու նպատակով: Սակայն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Վերոնիկան դարձավ մանկապարտեզի վարիչ` հավերժ կապելով իր կյանքը երեխաների հետ:  Շահումյանի անվան մանկապարտեզը հիմնվել է 1936 թվականին`  հայրենադարձ սեբաստահայերի սուղ, բայց համատեղ միջոցներովորպես իրենց զավակների կրթարան: Տարիներ անց հասունացավ մանկապարտեզի շենքային պայմանների և տարածքային հնարավորությունների սահմանափակման խնդիրը` սաների քանակի ավելացման պատճառով: 1966 թվականին հաջողվեց մանկազարտեզը տեղափոխել նոր` եռահարկ մասնաշենք, որը գտնվում  էր Լենինգրադյան 33 հասցեում: 1977 թվականին անանուն թիվ 159  մանկապարտեզը անվանակոչվեց «Սեբաստիա»: Մեծացավ բարեկամների շրջանակը` ընդգրկելով ժամանակին տեղահանված սեբաստահայերի տարբեր երկրներից` ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Ավստրալիա: Տարիներ անց, բացի նախադրպոցական դասարաններից, դպրոցն ընդլայնվելով  վերածվեց «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի:  

Լինել մանկավարժ, նշանակում է սիրել երեխային

Գեղեցիկ այգի, ամֆիթատրոն, երեխաների կրթության և հանգստի համար անհրաժեշտ կահավորանք, հանրահայտ մարդկանց հետ շփվելու և նրանց աշակարտելու հնարավորություն, այցելություններ պատմամշակութային վայրեր, հայկական թարմ կերակրատեսակների անուշ բույր,.. ցանկը կարելի է երկար շարունակել: Պատահական չէ, որ «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրրի բազմալեզու հուշամատյանում 1981 թվականին Հայաստան այցելած բելգիացի զբոսաշրջիկների խումբն այն անվանել է «մանկական դրախտ»:

«Վերոնիկայի գլխավոր առանձնահատկությունն այն էր, որ նա ի ծնե մանկավարժ էր:  Մանկավարժության հիմքը երեխաներին սիրելու մեջ էր տեսնում: Մայրս կարծում էր, որ մանկավարժ լինել նշականում է առաջին հերթին երեխային սիրել և գտնել նրա սրտի բանալիները, որպեսզի կարողանաս այդ երեխային ինչ-որ բան սովորեցնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վերոնիկայի դուստրը` Գոհար Մարտիրոսյանը:

Նրա խոսքով` առանձնակի կարևոր է այն, որ Վերոնիկայի մանկավարժական գործունեությունը զերծ էր «քարացած» մեթոդներից: «Այպես էր մոտենում նաև կյանքի հատուկ պայմաններում հայտնված, խնդիրներ ունեցող երեխաներին: Կարողանում էր հասկանալ խնդիրների արմատները, գտնել երեխաների վատ արարքների պատճառը: Անկախ ամեն ինչից, միշտ երեխայի կողմն էր, որովհետև պատճառները գտնելով` հասկանում էր, որ երեխան ծնվել է երջանիկ և ուրախ լինելու համար, և նրա շատ բարդույթների առաջացման պատճառը պայմանավորված է միջավայրի գործոնով»,- պատմում է Մարտիրոսյանը:

«Խստություն և սեր». այս էր Վերոնիկայի մանկավարժական գործունեության յուրահատուկ բանաձևը: «Ասում էր երեխային պետք  է և յուղես, և դաղես: Պետք է սիրել և միաժամանակ կարողանալ խստության որոշակի չափաբաժնով երեխային հասկացնել թույլատրելիի և անթույլատրելիի սահմանը: Ամենաթողությունը հանգեցնում է անարխիայի, որը նույնպես սխալ է: Բարկանալով նա նաև բացատրում էր, թե ինչու այդպես ճիշտ չէ` օրինակներ բերելով իր կյանքից և ոչ թե միայն խստորեն հանդիմանելով»,- շարունակում է տիկին Գոհարը` ավելացնելով, որ հաճախ սիրո չափաբաժինը կամա թե ակամա գերազանցում էր խստությանը:

Եթե շատ դպոցներում վատ արարքի դիմաց «քեզ տնօրենի» մոտ կտանեմ ուսուցիչների կողմից հնչող նախադասությունը երեխաների համար սպառնալիք էր, ապա այստեղ դա տոն էր, և տնօրեն Վերոնիկայի հետ շփվելու, նրա հյուրասիրությունից օգտվելու, քնքշությամբ արված հորդորները լսելու ևս մեկ առիթ էր: 

«Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի կենսագրության մեջ իրենց կարևոր դերն ունեն հայրենիք վերադարձած սեբաստահայերը:  

«Սեբաստահայերից մեկը` Հրաչ Խթիկյանը տարիներ առաջ ԱՄՆ-ից Հայաստան էր ժամանել իր աղջկա` 17-ամյա Թալինի հետ Հայրենիքում առաջին այցելությունից հետո Թալինը հորն ասաց, որ չի ցանկանում այլևս մեկնել և մնում է Հայաստանում: Մինչդեռ նա ոչ մի բառ չգիտեր հայերեն, միայն գիտեր «այո»-ն և «ոչ»-ը»,- ժպիտով հիշում է տիկին Գոհարը: 

Նրա խոսքով` Վերոնիկայի գլխավորությամբ իրենց ողջ ընտանիքի կողմից Թալինի հանդեպ ցուցաբերած ուշադրության, սիրո և հայերեն սովորեցնելու մեծ ցանկության արդյունքում աղջիկը ընդամենը չորս ամիս անց կարողացավ խոսել հայերեն և, ամենակարևորը, սիրահարվել հայրենիքին: Սա մեկն է այն բազմաթիվ օրինակներից, որ «Սեբաստիան» դարձել էր հայրենիքը արտերկրի հետ կապող օղակ, իսկ տարիներ անց նաև` բարեգործական-մարդասիրական կենտրոն: 1994 թվականին Վերոնիկա Գևորգյանը «Հայաստան համահայկական հիմնադրամից» առաջինը ստացավ տուրքի վավերագիր` հիմնադրամի աշխատանքներին մասնկացելու և մանկապարտեզի կողմից հանգանակած թանկարժեք մետաղի համար:

Պատմական տեղեկանք

2002 թվականի հուլիսին Մալաթիա-Սեբաստիա համայնքի ավագանին, հիմք ընդունելով համայնքի «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց» կրթահամալիրի աշխատակազմի և ծնողկոմիտեի դիմումը, դիմել է Երևանի քաղաքապետարանի անվանակոչության հանձնաժողովին և որոշում կայացրել տվյալ կրթական հաստատությունը կոչել մանկապարտեզի հիմնադիր տնօրեն, վաստակաշատ  մանկավարժ և պրոֆեսոր Վերոնիկա Գևորգյանի անունով: Անմնացորդ և անհատնում սեր և նվիրում  մանուկներին, շռայլ գործ, բարի անուն. այդ հատկանիշներն են զարդարում նրա կենսագրությունը: Այդպես են բնութագրում իրեն նրա տասնյակ հազարավոր սաները` շարքային աշխատողներից մինչև անվանի մարդիկ` գրողներ, արվեստագետներ, պետական հասարակական գործիչներ: Վկայությունը նաև նրանց ստորագրություններն են թաղապետարանին հասցեագրված համատեղ որորշամն տակ, խնդրանքը` արժանավոր մարդուն մեծարել հենց կենդանության ժամանակ: Վաստակաշատ մանկավարժի մասին ոչ միայն տպագրվել են տարատեսակ հոդվածներ հայկական և արտասահմանյան մամուլում, պատրաստվել հեռուստատեսային ռեպորտաժներ, այլև նրա անցած ճանապարհն ամփոփվել է երկու գրքում: Դրանցից առաջինը 1996 թվականին բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հասմիկ Սիմոնյանի «Մանկավարժի կյանքը» գիրքն է, որտեղ հեղինակը ներկայացրել է Վերոնիկա Գևորգյանի դիմանկարը` անդրադառնալով նրա կյանքին, հասարակական  և աշխատանքային գործունեությունը: Երկրորդը` «Հույսի հորիզոնի լուսաստղը» գիրքը տպագրվել է 2007 թվականին գրող, հրապարակախոս, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանի կողմից: Տարբեր տարիների լուսանկարները, այցելուների տպավորությունները և այլ նյութեր համատեղող վարքագրությունը նվիրվել է մեծանուն մանկավարժի ծննդյան 80-ամյա եւ «Սեբաստիա» կրթահամալիրի հիմնադրման 70-ամյա հոբելյաններին:

«Մեծիկների մանկապարտեզի» հիմնումը` չիրականացված երազանք

Անդրադառնալով տնօրեն Վերոնիկայի չիրականացված երազանքներին, տիկին Գոհարը նշեց, որ իր մոր վաղեմի և նվիրական երազանքներից մեկն էր նաև «Մեծիկների մանկապարտեզի» հիմնումը: «Հաճախ մեծն էլ երեխա է դառնում, ավելի սահմանափակ` իր աշխատանքի և ստեղծագործական մտածելակերպի մեջ: Մայրս շատ ընկերներ ուներ, ովքեր տանն էին և ոչինչ չէին անում: Նա նրանց բերում էր մանկապարտեզ և որոշակի զբաղմունք էր գտնում, երեխաների մասնակցությամբ տոն էր կազմակերպում նրանց համար»,- հիշեց տիկին Գոհարը:

Հայրենիքի, հայրենի բնաշխարհի հանդեպ երեխաների սերը մեծացնելու գաղտնիքը Վերոնիկային նույնպես հայտնի էր: 1955 թվականից սկսած «Սեբաստիայի» սաները ամռան շոգ ամիսներն անցկացրել են Ստեփանավանում, Ապարանում, Հրազդանում, Ծաղկաձորում:

«Եթե այլ դպրոցների շրջանավարտներն իրենց ավարտական երեկոն ռեստորանային համալիրներում էին անցկացնում, ապա մենք մեկնում էինք մի քանի օրով Արցախ, ինչը պարզապես հրաշալի ավանդույթ էր»,- պատմեց կրթահամալիրի մաթեմատիկայի ուսուցիչ Գայանե Կարապետյանը:

Նրան լրացնելով` ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռոզա Ղազարյանն էլ հիշեց, որ տնօրեն Վերոնիկայի մեծագույն ցանկություններից մեկն էր, որպեսզի սաներին Արևմտյան Հայաստան տանելու հնարարավորություն ևս ստեղծվի: «Ինչ դժվար կացության մեջ էլ որ լինենք, մտածում ենք` իսկ այս իրավիճակում ինչպե՞ս կվարվեր, ինչ կաներ տնօրեն Վերոնիկան: Նա հուսահատվել չգիտեր, եթե ինչ-որ բան չստացվեց, ապա  նորից էր անում, այնքան մինչև հասներ արդյունքի»,- ավելացրեց Ղազարյանը:

Կրթահամալիրի նախկին փոխտնօրեն, մաթեմատիկայի ուսուցչուհի Սեդա Դավթյանը շեշտեց, որ իրենց սիրելի տնօրենին բնորոշ ամենակարևոր հատկանիշներից մեկը աշխատակազմի յուրաքանչյուր անդամին ընտրելու, խիստ պահանջներ դնելու կարողությունն էր: «Նա մանկավարժի շտեմարան էր, շատ բան կար իրենից սովորելու»,- ընդգծեց Դավթյանը: Ի դեպ,  կազմակերպչական շատ հարցերի արագ լուծումներ տալու կարողությունը ինքը սովորել է հենց տնօրեն Վերոնիկայից:

«Վերոնիկայի նման մարդիկ հարյուր տարին մեկ են ծնվում: Նա նաև հասարակության մարդ էր, միայն իր համար չէր ապրում»,- հավալեց նա:

Ուսուցիչների գնահատմամբ` նա կարողանում էր իր մանկավարժական և մարդկային աննկարագրելի հմտությունների միջոցով դրական ազդեցություն ունենալ նաև ծնողների վրա` կարծես նրանց էլ յուրահատուկ, նուրբ ձևով դաստիարակելով:

Վերոնիկայի «հասարակության մարդ» լինելու մասին է վկայում նաև այն, որ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժը և Ղարաբաղյան շարժումը իրենց բերած խնդիրներով անտարբեր չթողեցին նրան: Տեղեկանալով երկրաշարժի բոթի մասին` դպրոցի միկրոավտոբուսը բարձված սննունդով և իրերով, դեղորայքով, հագուստով, տիկին Վերոնիկայի և աշխատակիցների հետ Գյումրիի  կայարանին մերձակա հրդեհված մանկապարտեզին օգնություն հասցրեց:

Վերոնիկայի համընդհանուր սիրո առարկա լինելու պատճառներից մեկն էլ յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերած անհատական ջերմությունն էր: Մանկավարժների խոսքով` անկախ ամեն ինչից, Վերոնիկան հավերժ կմնա իրենց, և ամենակարևորը, երեխաների սրտերում, քանի որ նրա հետ կապված հիշողությունները երբեք չեն կարող մոռացվել:

«Սեբաստիա»-ն վերաբացելը` երազանք

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ավագանու նախորդ կազմի 2008 թվականի հոկտեմբերի 29-ի որոշման համաձայն` լուծարվել էր Վերոնիկա Գևորգյանի անվան ««Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիր» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը, իսկ շենքը և հողատարածքը հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման։

«Սեբաստիա»-ի փակման փաստը կենդանության օրոք  խոր վիշտ էր պատճառել Վերոնիկային, և մինչ այժմ նաև` նրա ընտանիքին, կոլեկտիվին և դպրոցի շրջանավարտներին: Նրանց մեծ մասը ապագայի հանդեպ լավատեսությամբ է լցված և հույս ունի, որ մի օր իրենց կհաջողվի վերականգնել անվանի մանկավարժի հիմնած կրթահամալիրը և, ամենակարևորը, արդեն նրա հիմնած ավանդույթներով շարունակելու թողած անգնահատելի գործը:

Հանրապետությունում այս տարի հոկտեմբերի 5-ին նշվում է «Ուսուցչի օրը», որին ընդառաջ ավելի շատ է ընդգծվում իրական մանկավարժի գործը գնահատելու, այն շարունակելու և հաջորդ սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը:  

 

Հեղինակներ Տաթևիկ Գրիգորյան և Վարվառա Հայրապետյան

Լուսանկարները` Վերոնիկա Գևորգյանի ընտանիքի անձնական արխիվից

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am