Արցախը հայերի սրբավայրն է, ինչպես Երուսաղեմը` հրեաների, իսկ Մեքքան` մուսուլմանների. Բակո Սահակյան

Armenpress 20:32, 20 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախն իր բոլոր դժվարությունները հաղթահարում է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ. դա անժխտելի և անվիճելի իրողություն է: Այսպիսի խոսքերով իր ելույթն սկսեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմայով համաժողովի շրջանակներում Հայկական հիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Երբ մենք խոսում ենք մեր երկրի անվտանգության ապահովման մասին, ես ավելորդ չեմ համարում նշել, որ հայկական բանակի հետ միասին այդ գործն անում է մեր բնակչությունը: Մենք ստիպված ենք այս պահին ամբողջ ժողովրդով իրականացնել մեր անվտանգության պահպանությունը, մյուս կողմից` իրականացնել աշխատանքներ` ուղղված մեր երկրի տնտեսության զարգացմանը: Անվտանգության ուղղությամբ այս տարիների ընթացքում իրականացնել ենք մի շարք աշխատանքներ, հիմնել բազմաշերտ պաշտպանական համակարգը, որը միշտ թարմացվում է, համապատասխանեցվում տվյալ պահի պահանջներին: Մենք ստիպված ենք նոր միջոցներ կիրառել անվտանգության մակարդակը բարձր պահելու համար, քանի որ թշնամին ոչ միայն իրականացնում է սադրիչ գործողություններ, այլև աչքի է ընկնում իր լկտի քաղաքականությամբ»,- շեշտեց Արցախի Հանրապետության Նախագահը:

Բակո Սահակյանն ընդգծեց, որ Արցախն ունի իր առանձնահատկություններն ու յուրօրինակությունները, որոնք հաշվի են առնվում այսօր և հաշվի կառնվեն ապագայում: «Մեր երկրի յուրահատկություններից է ժողովրդավարական սկզբունքների և արժեքների հիման վրա Արցախը կառուցելու ջանքերը: Բայց պետք է նշեմ, որ մեր անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ երբ ընդօրինակում ենք այլ երկրների կերտած արժեքները, միշտ չէ, որ ապահովում ենք մեր անվտանգությունն ու մեզ համար ստեղծում բարենպաստ պայմաններ»,- նշեց նա:

Բակո Սահակյանի խոսքով` այս պահի դրությամբ մի շարք հեղինակավոր կազմակերպությունների կողմից Արցախը որակվել է որպես հասարակական անվտանգության առումով աշխարհի ամենաբարձր անվտանգության աստիճան ունեցող երկրներից մեկը` չնայած որ գտնվում է հակամարտության գոտում, և այդ տարածաշրջանում է կուտակված մեծ քանակությամբ զենք ու զինամթերք:  «Մենք հպարտանում ենք այդ նվաճումով, և երբ ինձ հարցնում են, թե որն է դրա պատճառը, ես նշում եմ, որ դա մեր իրավապահ, դատաիրավական մարմինների գործունեության, Արցախի քաղաքացիների` իրենց հայրենի երկրի նկատմամբ ցուցաբերած հայրենասիրության արդյունքն է: Գոյությունի մի չափանիշ, որով հաշվարկվում է երկրի հասարակական անվտանգության աստիճանը. վերցնում են 10 հազար բնակչի հաշվով կատարված հանցագործությունները, որը Եվրոպայի մի շարք զարգացած երկրներում 250 է, իսկ Արցախում հաջողվել է այդ ցուցանիշը նվազեցնել ու հասցնել 25-ի: Մենք շահագրգռված ենք այս ուղղությամբ իրականացնել աշխատանքներ, ինչը համահունչ է մեր երազանքի հետ. վերջնականապես կառուցել մի երկիր, ուր հաճելի կլինի ապրել ոչ միայն Արցախի քաղաքացիներին, այլև Արցախի հետ իրենց կյանքը կապող օտարերկրացիներին»,- նշեց Բակո Սահակյանը:

Անդրադառնալով Արցախի տնտեսությանը` նախագահ Բակո Սահակյանը շեշտեց այն փաստը, որ ջրային ռեսուրսների պաշարներով Արցախը համարվում է աշխարհի հարուստ երկրներից մեկը: «Մենք նպատակ ունենք արդյունավետորեն օգտագործել այդ  պաշարները և էլենտրաէներգիա ներկրող երկրից վերածվել ինքնաբավ, ապա նաև էլեկտրաէներգիա արտանահող երկրի: Այս տարիներին հաջողվել է այդ ուղղությամբ մեծ քայլեր կատարել, որոնք իրականացնելիս հաշվի ենք առել նաև էներգետիկ անվտանգության չափանիշը: Ես ուրախ եմ, որ այս ոլորտում կատարվող աշխատանքներում իրենց ներդրումն են ունեցել նաև մեր սփյուռքահայ հայրենակիցները»,- ընդգծեց Արցախի Նախագահը` հավելելով, որ ջրային պաշարների ճիշտ և արդյունավետ օգտագործման հաջորդ ուղղությունը գյուղատնտեսությունն է: «Մեզ հաջողվել է այս տարիներին ունենալ ոռոգման համակարգ, ներկայում ունենք 12 հազար հեկտար ոռոգվող տարածքներ: Բացի այդ, մենք խնդիր ունենք պարենային անվտանգության հետ կապված հարցեր լուծելու, ինչպես նաև մեր մասնակցությունն ունենալ ՀՀ պարենային անվտանգության գործում»,- ասաց Բակո Սահակյանը:

Խոսելով նաև Արցախի` որպես տուրիստական գրավչություն ունեցող երկրի մասին, Բակո Սահակյանը կարևորեց հայաստանաբնակներին Արցախն առավել ճանաչելի դարձնելու խնդիրը: «Արցախը հայության համար սուրբ վայր է, ինչպես հրեաների համար Երուսաղեմը, իսկ մուսուլմանների համար` Մեքքան: Մենք պետք է կարողանանք այս կամ այն ձեռնարկներով հայության համար շոշափելի դարձնել այդ սրբությունը»,- հավելեց Բակո Սահակյանը:

Սեպտեմբերի 19-21-ը Երևանում, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է Հայկական հիիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչների համաժողով` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմայով:

Համաժողովին մասնակցում են Հայկական հիիմնախնդիրների իրազեկման կառույցների ներկայացուցիչներ Սփյուռքից, ՀՀ-ից և ԼՂՀ-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am