Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ազգային բարերար Ջերարդ Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ

Armenpress 17:16, 17 Սեպտեմբեր, 2013

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաֆէսճեանների ընտանիքին՝ ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահի հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Տարիներ շարունակ պարոն Գաֆէսճեանը ծանրակշիռ ավանդ է ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամրապնդելու գործում: Նրա գործունեությունն օրինակ էր ծառայում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին շոշափելի օժանդակություն ցուցաբերել մայր Հայաստանին: Բարձր եմ գնահատում նրա ազգանվեր նախաձեռնությունները: Հմուտ կազմակերպչի և առատաձեռն ու անշահախնդիր բարերարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին երևանյան կասկադի կերպարանափոխման և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծման գործում, որն իրավամբ դարձավ մեր մայրաքաղաքի ամենասիրված և ճանաչված վայրերից մեկը:

Կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ջերարդ Գաֆէսճեանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am