Գործարարը հատուկ տեխնոլոգիայով աճեցված հատապտուղներն արտահանում է Պարսից ծոցի երկրներ

Armenpress 19:43, 27 Օգոստոս, 2013

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզի Ակունք գյուղի մոտ գետնից 1 մետրի չափ բարձր տեղամասերում եւ հողին դրված պարկերի մեջ հատուկ տեխնոլոգիայով աճեցվող ելակը, մորին ու ազնվամորին արտահանվում են Արաբական Միացյալ Էմիրություներ: Այդ մասին օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց «Բիգա» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկության հիմնադիրներից Ռաֆիկ Եգանյանը:

Հատապտուղները սնուցվում են կաթիլային եղանակով: «Այս գեղեցիկ տեխնոլոգիան շատ աշխատատար չէ: Մի մարդ կարող է կոճակ սեղմելով լուծել ամբողջ տարածքի մոռոգման եւ պարարտացման խնդիրները: Բերքը հիմնականում արտահանվում է Արաբական Միացյալ Էմիրություններ, Բահրեյն, Կատար եւ Պարսից ծոցի մյուս երկրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եգանյանը՝ հավելելով, որ հատապտուղների մի մասն էլ հայկական շուկայում է վաճառվում: Ելակի միջին բերքատվությունը  մեկ հեկտարից 45-50 տոննա է, իսկ ազնվամորունը՝ 10 տոննա: Նա պարզաբանեց, որ ելակը գետնից բարձր է աճեցվում, որպեսզի բերքի եւ մոլախոտերի հետ շփում չլինի, եւ հատապտուղը հողային հիվանդություններով չվարակվի:

Բեգլարյանը տեղեկացրեց հատապտուղները Ռուսաստան արտահանելու եւ կեռասի ու այլ գյուղմթերքների արտադրության ծրագրերի մասին: Գործարարը համոզված է, որ Հայաստանը կարող է դառնալ մրգերի եւ հատապտուղների արտահանման առաջատարներ երկրներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am