«Երևանյան բեսթսելլեր» 24. Շաբաթվա ամենաշատ գնված գիրքը հայկական ինքնությունը բացահայտած թուրքի պատմությունն է

Armenpress 11:26, 28 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում հունիսի վերջին շաբաթվա ամենաշատ վաճառված գիրքը Մոսկվայում բնակվող ժամանակակից հայազգի արձակագիր Մարկ Արենի` Կարեն Մարտիրոսյանի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» պատմությունն է: Այն հեղինակի երկրորդ ծավալուն վեպն է, որտեղ նկարագրվում են հայատյաց մի թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծերության հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ դա հայերեն է և իր ծնողներն էլ հայեր են եղել։ 

«Արմենպրես» լրատվական գործակալության հատուկ նախագիծ «Երևանյան բեսթսելլեր»-ը շարունակում է ներկայացնել երևանյան գրախանութներում ամենավաճառվող գրքերի ցանկը` խթանելով նաև ժամանակակից գրողների ստեղծագործությունների վաճառքը: Երկրորդ հորիզոնականում Ադրբեջանցի ժամանակակից գրող Աքրամ Այլիսլիի` «Գրաբեր» հրատարակչության հրատարակած «Քարե երազներ» վեպ-ռեքվիեմն է, որը պատմում է 1989-ին Բաքվում և 20-րդ դարասկզբին Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին: Գիրքը շատ մեծ հաջողություն ունեցավ Հայաստանում` փոխարենը Ադրբեջանում արժանանալով քարկոծման: Գրքի հրատարակության պատճառով գրողի ընտանիքի անդամները շատ կարճ ժամանակահատվածում դարձան գործազուրկ, իսկ 2013 թ-ի փետրվարին Այլիսլին Ադրբեջանի նախագահի հրամանագրով զրկվեց «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից ու պետական կենսաթոշակից:
Երրորդ հորիզոնականում ֆրանսիացի գրող Անտուան դը Սեն Էսզյուպերիի «Փոքրիկ իշխանը» վեպն է, որը հրատարակվել է 1943թ-ին և համարվում է նրա ամենահայտնի ստեղծագործությունը: Թարգմանվել է ավելի քան 190 լեզուներով և վաճառվել է ավելի քան 80 միլիոն տպաքանակով: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է նաև հայերեն: 
Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում բրազիլացի գրող Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսը» վեպն է, որն աշխարհի 117 երկրներում 67 լեզուներով թարգմանված բացառիկ գրքերից է: Վեպը շարունակում է մնալ Բրազիլիայում ամենաշատ վաճառված գիրքը և համարվում է Գինեսի ռեկորդակիր: «Ալքիմիկոսի» վաճառված օրինակների քանակը գերազանցում է պորտուգալերեն գրված որևէ այլ գրքի վաճառված օրինակների քանակին:
«Ալքիմիկոս»-ին հաջորդում է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» վեպի` 2010թ-ին Հովհաննես Այվազյանի կողմից ռուսերենից թարգմանված տարբերակը: Այն լայն ճանաչում է գտել նաև Հայաստանում` շատ հաճախակի հայտնվելով բեսթսելլերների շարքում: Նույն հեղինակի մեկ այլ գրքում տեղ գտած միաժամանակ երկու ստեղծագործությունները «100 տարվա մենություն» և  «Նահապետի աշունը» վեպերն այս շաբաթ վեցերորդ հորիզոնականում են: 
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի յոթերորդ հորիզոնականում նախորդ շաբաթվա առաջատարԳրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմն է: Այն հայտնի է նաև «Նարեկ» անունով ու միջնադարյան հայ ամենաճանաչված ու կարդացված ստեղծագործությունն է: «Նարեկ»-ն այն բացառիկ գիրքն է, որն ամեն շաբաթ եղել է գործակալության վարկանիշային աղյուսակում: Հաջորդում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի ստեղծագործությունը` «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը»: Այն մի ճայի կյանքի պատմություն է, որտեղ գրողը ներկայացնում է, թե ինչպես հասարակ ճայերն ուզում են միայն իմանալ, թե ինչպես կարելի է հասնել ծովափից դեպի սննդի աղբյուր: Նրանց համար կյանքի իմաստը կայանում է ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չի, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն ինքնուրույն սովորում է թռչել: Հասարակ ճայերը չեն ընդունում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: 
Իններորդ հորիզոնականում ՎՄՎ-պրինտի կողմից հրատարակած «Մարգարիտներ Սևակի մտքի գանձարանից» գիրքն է: Այս շաբաթ վարկանիշային աղյուսակը եզրափակում է դասական ստեղծագործություն` Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպը: 
«Երևանյան բեսթսելլեր» նախագծի արդյունքներին կարող եք ծանոթանալ նաև «Գրական թերթ» շաբաթաթերթի այսօրվա համարում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուկինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը:
Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 +6  Մարկ Արեն«Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր»    Տիգրան Մեծ 32 2 +2

                    Աքրամ Այլիսլի

                     «Քարե երազներ» 

Գրաբեր  28 3 +1 Անտուան դը Սենտ Էքզյուպերի       «Փոքրիկ իշխանը»    Անտարես  26 4 -2

              Պաուլո Կոելյո                 «Ալքիմիկոսը»  

Վան Արյան 22 5 -2

      Գաբրիել Գարսիա Մարկես       «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»  

ՎԱ-ՀԱ  21 6 +2

        Գաբրիել Գարսիա Մարկես          «100 տարվա մենություն»,           «Նահապետի աշունը»  

Նորք 18 7 -6

           Գրիգոր Նարեկացի

            «Մատյան ողբերգության»  

Նաիրի  16 8 0

             Ռիչարդ Բախ

    «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը»   

 Հայաստան 15  9 նոր

     «Մարգարիտներ Սևակի

       մտքի գանձարանից»    

ՎՄՎ պրին 13 10 0

        Միխայիլ Բուլգակով

      «Վարպետն ու Մարգարիտան» 

Անտարես  10


Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am