Երևանի կենդանաբանական այգում կանցկացվի «Կանաչ դպրոց» նախագծի հաշվետու միջոցառումը

Armenpress 14:28, 26 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգում hունիսի 28-ին տեղի կունենա «Կանաչ դպրոց» նախագծի հաշվետու միջոցառումը, որը ի մի կբերի 6 ամիսների ընթացքում չորս մարզային հանրակրթական դպրոցների կողմից նախագծի շրջանակներում իրականացրած աշխատանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի կենդանաբանական այգուց, կամփոփվեն նաև թափոնների հավաքման և տեսակավորման մրցույթի արդյունքները, որին մասնակցել են Դիլիջանի թիվ 4, Այնթապի Բ. Մարգարյանի անվան թիվ 2, Վեդու Խ. Սողոմոնյանի անվան թիվ 2, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան թիվ 2, Ուրցաձորի և Գողթի միջնակարգ դպրոցները:

Մասնակից դպրոցներին կշնորհվեն հավաստագրեր, իսկ հաղթող դպրոցը կարժանանա «Կանաչ դպրոց» կոչմանը: Մրցանակաբաշխությունը կուղեկցվի «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության կողմից ստանձնած Անդրկովկասյան գորշ արջերի խնամակալության վերահաստատման միջոցառման հետ:

Հայաստանում «Կանաչ դպրոց» նախագիծն իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից: Ծրագիրն ընդգրկում է ֆիլմերի ցուցադրություններ, քննարկումներ, մեդիա` ֆոտո և վիդեո դասեր, ինչպես նաև ուսումնական միջավայրում ստեղծագործական մոտեցումների առկայություն, որն օգնում է մասնակիցներին զարգացնել իրենց վերլուծական և գործնական հմտությունները: Ավելի լայն առումով ծրագրի նպատակն է ոչ միայն ավելացնել բնապահպանական իրազեկվածությունը, այլև դաստիարակել ապագա քաղաքացիների, ովքեր ի վիճակի կլինեն իրենց վրա վերցնելու հասարակության զարգացման պատասխանատվությունը:

Նախագիծը գործարկվել է 2011 թ-ին UNICEF-ի և Հայատանում Շվեցարիայի դեսպանատան աջակցությամբ Երևանի մեկ և շրջանների չորս դպրոցներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am