Հայրիկյանի գործով ամբաստանյալը հայտարարեց, թե Վարդան Սեդրակյանին որպես պատվիրատու են նշել նրանից գումար շորթելու համար

Armenpress 15:15, 20 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարած մահափորձի գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանը հունիսի 20-ի դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ ինքը շատ վատ է զգում իրեն` Վարդան Սեդրակյանին ներքաշելով այս գործի մեջ: «Սամվելն ինձ դեպքից հետո ասել է, որ գումար շորթելու համար է ցանկացել նման քայլի գնալ: Սամվելն ասաց, որ որպես պատվիրատու Սեդրակյանի անունը կտանք, հետո էլ նա կօգնի, որ մեզ չձերբակալեն: Չէինք մտածում, որ տենց բան չի կարող լինել ու որ իրեն դրանով վատություն ենք անում, հակառակ դեպքում` նրա անունը չէինք տա»,- «Արմենպրես»-ի փոսխանցմամբ` ասաց Խաչատուր Պողոսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ Սամվելն իրեն ասել էր, թե Սեդրակյանից գումար կպահանջեն` սպառնալով, որ եթե չտա, կհայտարարեն, իբր ինքն է պավիրատուն:   

Դատախազ Արամ Ամիրզադյանը, նկատելով զգալի հակասություններ Պողոսյանի նախաքննական 9 ցուցմունքներում և այսօրվա հնչեցրած ցուցմունքում` միջնորդություն ներկայացրեց դատարան, պահանջելով կարդալ նախաքննական ցուցմունքները: Պաշտպանական կողմը դեմ գնաց` պատճառաբանելով, որ դրանցում էական հակասություններ չկան: Սակայն դատարանը բավարարեց Ամիրզադյանի միջնորդությունը` հաստատելով, որ հնչեցրած ցուցմունքներն, իսկապես, զգալիորեն տարբեր են:

Մինչ այդ ամբաստանյալ Պողոսյանը նշել էր, որ Սամվելին վաղուց է ճանաչում, միասին են մեծացել: «Մի օր Սամվելն ինձ ասաց, որ մի գործ կա անելու. մարդ պետք է վախեցնենք, սակայն չասեց` ով է պատվիրել և ինչու: Միայն ասաց, որ հետո կասի: Մի քանի օր հետո ասաց, որ այդ գործը պետք է անենք, ու այդ մարդը Պարույր Հայրիկյանն է»,- դատարանիայսօրվա նիստում ավելի վազ պատմել էր Պողոսյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ տեղի ունեցած մահափորձի գործով դատական նիստերի ժամանակ դատարանը լսեց վկաներին և տուժող Պարույր Հայրիկյանին: Ցուցմունք են տվել նաև Հայրիկյանի ընտանիքի անդամները, հարևաններն ու մեղադրյալների հարազատները: Հունիսի 17-ին դատական հերթական նիստի ժամանակ ցուցմունք տվեց նաև ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am