«Հայռուսգազարդ»-ը դժգոհ է գազի նոր սակագնից

Armenpress 14:15, 7 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայռուսգազարդ» ընկերությունը դժգոհ է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված գազի նոր սակագնից: Այդ մասին հունիսի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: «Որպես «Հայռուսգազարդ»-ի տնօրեն` ես դժգոհ եմ, որպես երկրի քաղաքացի, որպես սպառող՝ չեմ կարող դժգոհել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը:

Ընկերության ներկայացրած հայտի մեջ ներառված է եղել ամբողջ աշխատանքների ծավալը, որն անհրաժեշտ է ընկերության զարգացման եւ ընթացիկ շահագործման համար: «Հանձնաժողովի կողմից կրճատումները կատարվել է այն ուղղություններով, որ այս տարի այդ աշխատանքները չկատարելու արդյունքում մեր գազատրանսպորտային եւ գազաբաշխման համակարգերը դրանից չեն տուժի: Այդ սկզբունքով էլ հանել են»,- ասաց «Հայռուսգազարդ»-ի գլխավոր տնօրենը: Հարությունյանը նշեց, որ վերջին տարիներին իր ղեկավարած ընկերությունը վնասով է աշխատել: «Նախորդ տարիներին ընկերության կողմից կրած վնասները ներկա սակագնում մեր կողմից նույնիսկ չեն էլ ներկայացվել: Դա որեւէ մեկը հաշվի չառավ եւ չհնչեցրեց»,- ասաց Հարությունյանը:

 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը հունիսի 7-ին միաձայն հաստատեց գազի նոր սակագինը՝ հազար խորանարդ մետրի համար՝ 156 հազար դրամ: Հազար խորանարդ մետրից ավելի սպառողները կվճարեն 276.98 դոլար: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացրած հայցում առաջարկել էին  գազի սակագինը 132 000 դրամից բարձրացնել 221 000 դրամի: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am