Ռուսաստանը խրախուսում է Եվրասիական ու Մաքսային միություններին Հայաստանի ինտեգրացիոն ձգտումները. Վոլինկին

Armenpress 15:13, 3 Հունիս, 2013

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության իշխանությունները խրախուսում են Հայաստանի կողմից Եվրասիական ու Մաքսային միություններին ինտեգրացիոն ձգտումները: Այդ մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինն՝ անդրադառնալով ՌԴ ղեկավարության դիրքորոշմանն այդ միություններին Հայաստանի ինտեգրվելու հարցում: «Ռուսաստանի ղեկավարությունը կողջուներ Հայաստանի մուտքն այդ կառույցներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վոլինկինը:

Խոսելով Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների մայիսի 31-ի հանդիպումից՝ դեսպանը նշեց, որ չի կարող ասել չէ, թե ինչ հուշագրի մասին են կողմերը պայմանավորվել: «Ես չեմ կարող  պատասխանել այդ հարցին, թե ինչ հուշագրի մասին է խոսքը, սակայն կարող եմ ասել, որ միանգամայն ակնառու է, որ գոյություն ունի եւ ընթանում է բանակցային գործընթաց եւ անհրաժեշտ է մի երկրի օրենսդրական դաշտը հարմարեցնել մյուսին: Քննարկվում են բոլոր հարցերը, որոնք կարող են առաջանալ այս կամ այն ձեւաչափով ինտեգրման դեպքում»,- ասաց Վոլինկինը: Դեռ որոշված չէ թե ինչ ձեւաչափով է Հայաստանը միանալու այդ միություներին: «Դա կարող է լինել ասոցացիա, գործընկերություն եւ իհարկե նաեւ անդամակցություն: Դա պահանջում է մանրամասն մշակում: Ես կարծում եմ, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է»,- ասաց ՌԴ դեսպանը՝ հավելելով, որ գործընթացի համար ժամանակային շրջանակներ դրված չեն:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 31-ին Մինսկում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է միությանն ինտեգրվելուն ուղղված հուշագրին առնչվող հարցեր: «Մենք քննարկել ենք նաեւ Մաքային միությանը եւ ինտեգրացիոն գործընթացներին վերաբերող հարցեր: Հայաստանն, ընդհանուր առմամբ, ցանկանում է դրան մասնակցություն ունենալ: Մեզ համար եւս դա կարեւոր է: Անհրաժեշտ է միայն գտնել համագործակցության պատշաճ ձեւաչափ»,-նշել էր Մեդվեդեւը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am