Հովիկ Աբրահամյանն առաջարկում է տնտեսագիտական կրթությունն օգտագործել ի նպաստ ճգնաժամի հաղթահարման

Armenpress 13:28, 27 Ապրիլ, 2013

ԾԱՂԿԱՁՈՐ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի իշխանությունները լուրջ քայլեր են ձեռնարկում` երկրում գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ: Այս մասին հայտարարեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում անցկացվող` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի «Տնտեսագիտական նոր միտք» գիտաժողովի ընթացքում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովիկ Աբրահամյանը ողջունեց ուսանողներին ու պրոֆեսորադասախոսական կազմին՝ կարևորելով տնտեսագիտական ոլորտի գիտաժողովների անցկացումը։ «Նման գիտաժողովները հնարավորություն են տալիս ուսանողներին նպաստել տնտեսության զարգացմանը և ճգնաժամների հաղթահարմանը։ Որպեսզի գիտաժողովներն ավելի արդյունավետ լինեն, հարկավոր է գիտաժողովի ընթացքում քննարկված հարցերը գրավոր տեսքով ներկայացնել պատկան մարմիններին»,-ասաց Աբրահամյանը՝ առաջարկելով գիտաժողովի արդյունքում կազմված զեկույցները ուղարկել ՀՀ կառավորություն։

ԱԺ նախագահի կարծիքով՝ տնտեսական ճգնաժամը Հայաստանում դեռևս հաղթահարված չէ և հարկավոր է տնտեսագիտական կրթությունն օգտագործել ի նպաստ ճգնաժամի հաղթահարմանը։ «Տնտեսագիտական կրթությունն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում եմ ՀՊՏՀ-ի ուսանողներին ու դասախոսներին մի քանի դաս անցկացնել Ազգային ժողովում: Դասերին իրենց գիտելիքներն ու փորձը կփոխանցեն խորհրդարանի տնտեսական հանձնաժողովի անդամները և ներկայացուցիչներ Կառավարությունից»,-ասաց Աբրահամյանը։

«Տնտեսագիտական նոր միտք» գիտաժողովը կրում էր «ՀՀ տնտեսության զարգացման մարտահրավերներն ու խոչընդոտները» խորագիրը։ Գիտաժողովին մասնակցում էին ուսանողական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի 100 ներկայացուցիչներ։ Գիտաժողովի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի տնտեսության առկա վիճակը, զարգացման հեռանկարներն ու խոչընդոտները՝ օգտագործելով երիտասարդ տնտեսագետների մտավոր ներուժը և զարգացնել ուսանողների մասնագիտական որակները։ Ուսանողները հնարավորություն ունեցան ունկնդրել հրավիրված տնտեսագետների դասախոսությունները։ Ուսանողներն իրենց հերթին հանդես եկան զեկույցներով, որը գնահատվեց պրոֆեսինալ ժյուրիի կողմից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am