Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է բացառիկ նշանակության հուշագրություն

Armenpress 10:49, 22 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հրատարակել է բացառիկ նշանակության հուշագրություն` Սարգիս Թորոսյան. «Դարդանելից մինչև Պաղեստին»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թանգարան-ինստիտուտից, Սարգիս Թորոսյանի հուշագրությունը ներկայացնում է Առաջին աշխարհամարտի թոհուբոհով անցած օսմանյան բանակի հայազգի սպայի ոդիսականը։ Դեպքերի ու դեմքերի անսպասելի անցումները, ցեղասպանության պատմությունը բոլորովին անսպասելի կողմից ներկայացնելը Սարգիս Թորոսյանի իրապատումը դարձնում է խիստ հետաքրքիր ու գրավիչ հուշագրություն, որի ընթերցումն անջնջելի տպավորություններ է թողնում։ Սարգիս Թորոսյանի՝ իր բովանդակությամբ աննախադեպ ու եզակի այս հուշագրությունը պատմում է ճակատագրի բերումով և զինվորական պարտքի զգացումով Օսմանյան Թուրքիային բացառիկ ծառայություն մատուցած հայ սպայի կյանքի ու գործունեության մասին, որտեղ մեկտեղված են հերոսությունն ու անձնազոհությունը, դավաճանությունն ու դավադրությունը, սերն ու կորստի ցավը...  Սարգիս Թորոսյանի կարևոր այս հուշագրությունը տպագրված է նաև թուրքերեն և, ունեցած տվյալներով, այն արդեն առաջացրել է լուրջ հետաքրքրություն թուրքական շրջանակներում՝ միևնույն ժամանակ դառնալով տարաբնույթ մեկնաբանությունների ու բանավեճերի առարկա։  Հուշագրությունն առաջին անգամ է ներկայացվում ընթերցողին հայերեն թարգմանությամբ: Գիրքը բաղկացած է 17 գլուխներից:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am