Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ավելացել է հայկական ջարդերով հետաքրքրվող օտարազգիների թիվը. Դեմոյան

Armenpress 11:56, 19 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտական թեզեր ու աշխատություններ գրելու նպատակով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին դիմողների թիվը տարեցտարի ավելանում է, ինչը պայմանավորված է ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ հետաքրքրության ավելացման եւ երեւույթի միջազգային հնչեղությամբ, միջազգային լրատվամիջոցների պարբերաբար անդրադարձով: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, դիմողները երիտասարդներ են աշխարհի տարբեր երկրներից: «Մեզ համար շատ զարմանալի էր, որ մեզ դիմում են նույնիսկ Մեքսիկայից, Շվեյցարիայից, Ավստրալիայից, Ֆինլանդիայից և այլ երկրներից: Սակայն զարմանալի է նաև այն, որ երբեք չեն դիմում Ռուսաստանից: Ունենալով այդքան մեծ հայկական համայնք, ռեսուրսներ ու հնարավորություններ` ռուս երիտասարդները երբեք հայտեր չեն ներկայացնում»,- ասաց Դեմոյանը: Նա նշեց նաև, որ հայտ ներկայացնող երիտասարդները գրեթե միշտ լինում են օտարազգի:  

Դեմոյանը վստահ է, որ եթե ֆինանսական խնդիրներ չլինեին, ավելի շատ հայտեր կարելի էր ընդունել, քանի որ դրսից հետաքրքրությունն, իսկապես, մեծ է: «Մենք արդեն ունենք վեց կրթաթոշակ ստացած անձիք, ովքեր պարբերաբար հետաքրքրվում, զբաղվում են թեմայով, ուսումնասիրում են մեր նյութերը»,- ասաց նա:

Ցեղասպանության թանգարանի տնօրենը տեղեկացրեց, որ չկա մի օր, որ արտերկրից նոր նյութ չհայտնվի: Թանգարանի ղեկավարությունը նախընտրում է բնօրինակը ցանկացած եղանակով` ձեռքբերումների, գնումների, փոխանակումների և այլն: «Դա կարող է լինել լուսանկար, ձեռագիր հուշ, շքանշան, դրոշմանիշ կամ օրիգինալ թերթ հայերի կոտորածների մասին»,- թվարկեց Դեմոյանը` հավելելով, որ նման նմուշներ հիմնականում բերվում են ԱՄՆ-ից, Եվրոպայից, եղել են անեւ Հայաստանից:

Հայոց Ցեղասպանության թանգարանը բացվել է 1995 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցը: Ավելի քան տասնամյա գործունեության ընթացքում թանգարանը բազմաթիվ այցելուների է ընդունել, այդ թվում` դպրոցականների, ուսանողների և աննախադեպ թվով զբոսաշրջիկների, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանից: Թանգարանն ապահովում է էքսկուրսիաներ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներով: 

1915-1923 թվականների ընթացքում Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է` ականատեսների վկայություններ, օրեքներ, բանաձևեր և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներ: Ապրիլի 24-ը, որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվում է 1920-ական թվականներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am