Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակը կունենա նաեւ արցախյան շնորհանդես

Armenpress 16:09, 4 Ապրիլ, 2013

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախցի երգիչ Սար Սարգսյանի «Կարոտ» ձայնասկավառակի շնորհանդեսը տեղի կունենա նաեւ Արցախում, որը տեղի կունենա Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում ապրիլի 6-ին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով երգչի ֆեյսբուքյան պաշտոնական էջը` «Կարոտ»-ն իր առաջին ձայնասկավառակն է:

Այն թողարկվել է Մոսկվայի «Դի Վի Դի Կլուբ» ընկերությունում: Երգերը ձայնագրվել են Երեւանում՝ ձայնագրման ռեժիսոր եւ համադրողը՝ Միքայել Մարգարյանն է: Գործիքավորումն իրականացրել է Ալյա Մաղաքյանը եւ Արմեն Սարգսյանը:

Ձայնասկավառակում տեղ են գտել հայ մեծանուն կոմպոզիտորների (Ռ. Մելիքյան, Է. Աբրահամյան, Ա. Բաբաջանյան, Ռ. Պետրոսյան, Վ. Կոտոյան, Ա. Սաթյան, Գ. Արմենյան, Ա. Հեքիմյան, Կ. Օրբելյան, Գ. Չթչյան և Ռ. Ամիրխանյան) 12 ստեղծագործություններ` ռոմանսներ, որոնք ներկայացվում են ժամանակակից գործիքավորմամբ եւ երգչի յուրօրինակ մեկնաբանությամբ: Ձայնասկավառակի շնորհանդեսներ կկայանան նաեւ Ստեփանակերտում, Թբիլիսիում, Մոկվայում եւ Սանկտ Պետերբուրգում:

Մարտի 19-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի էր ունեցել շնորհանդեսի երեւանյան շնորհանդեսը:

Սար Սարգսյանը ծնվել է Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002 թ-ին ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը: 2007 թ-ին ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը` պրոֆեսոր Սվետլանա Կոլոսարյանի դասարանը, իսկ 2008-ին՝ պետկոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար` Ս. Կոլոսարյան): «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է։ Արժանացել է ՀՀ սփյուռքի նախարարության հավաստագրին՝ «Իմ Հայաստան» փառատոնին մասնակցելու համար: Մասնակցել է մի շարք համերգների եւ ունեցել մենահամերգներ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, ԱՄՆ-ում և Չինաստանում: Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաեւ էստրադային ժանրում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am