«Սարի թեյի» նոր տեսականին արդեն Հայաստանի մանրածախ շուկայում է

Armenpress 14:47, 15 Մարտ, 2013

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սարի թեյի» նոր տեսականին արդեն կա Հայաստանի մանրածախ շուկայում: Ավանդական բարձր որակից բացի, նոր տեսականին աչքի է ընկնում տուփերի յուրօրինակ ձեւավորմամբ: «Նոր տուփերի դիզայնը հատուկ արված է հուշանվերի տրամաբանությամբ: Աշխարհի շատ երկրներում ընդունված է այցելուներին, հյուրերին, զբոսաշրջիկներին թեյ նվիրել: Նման փորձ մենք նախկինից ունենք, երբ ներգնա որոշ տուրօպերատորներ թեյի հավաքածու են պատվիրել մեզ մոտ, իրենց հաճախորդներին նվիրելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է ընկերության հիմնադիր Գեւորգ Աբրահամյանը:

Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում փետրվարին Bio Fach 2013 օրգանիկ արտադրանքի համաշխարհային ցուցահանդեսին, առաջին անգամ ներկայացվել է «Սարի թեյ» ապրանքանիշի նոր տեսականին, նոր դիզայնով:

Ապրանքանիշը, ի թիվս հայկական մի քանի այլ ապրանքանիշների, համաշխարհային հեղինակավոր ցուցահանդեսին մասնակցել է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի, ինչպես նաեւ «Էկոգլոբ» ընկերության աջակցությամբ: Նույն կազմակերպությունների աջակցությամբ էլ «Սարի թեյ» ապրանքանիշի երեք տեսակ ստացել է եվրոպական կարգի օրգանիկ սննդի սերտիֆիկատ:

«Սարի թեյը» շուկայում հայտնի է որպես բարձրորակ բուսական թեյեր արտադրող ապրանքանիշ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am