Սպիտակ տունը մերժել է Խոջալուի դեպքերի մասին ԱՄՆ նախագահի հայտարարություն անելու ադրբեջանցիների խնդրագիրը

Armenpress 11:00, 26 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դիվանագիտության եւ լոբբիստական ջանքերը հերթական անգամ տապալվել են Վաշինգտոնում. Սպիտակ տունը մերժել է ադրբեջանական խնդրագիրը` Խոջալուի դեպքերին ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությամբ հանդես գալու մասին: Ի պատասխան ադրբեջանական պետական քարոզչամեքենայի՝ Սպիտակ տան պաշտոնական կայքում իրականացված ստորագրահավաքներին՝ կորզելու ԱՄՆ նախագահի պաշտոնական հայտարարությունը Խոջալուի դեպքերի ադրբեջանական վարկածի եւ ԼՂ հակամարտության կապակցությամբ, հրապարակվել է Սպիտակ տան պատասխանը, որն, ըստ էության, ազդարարել է ադրբեջանցիների հերթական ջախջախիչ պարտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, չնայած գործի դրված հսկայական գումարներին եւ կազմակերպչական միջոցներին, պետության անմիջական ներգրավվածությանը, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների, դիվանագետների, լոբբիստների բազմաթիվ ամպագորգոռ հայտարարություններին, ելույթներին ու ակնկալիքներին, Սպիտակ տունն ընդգծել է, որ որեւէ նախագահական հայտարարություն չի լինելու, եւ կոչ  է արել կողմերին ջանքերը կենտրոնացնել հարցի խաղաղ կարգավորման վրա: Սպիտակ տան պատասխանում մասնավորապես նշվում է, որ Միացյալ Նահագները խորապես ցավում է պատերազմական գործողությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգական կորուստների համար: «Դա եւս մեկ անգամ հիշեցնում է, որ չի կարող լինել հակամարտության ռազմական լուծում, իսկ հարցի խաղաղ ու տեւական կարգավորումը հնարավոր է միայն տարածաշրջանում կայունությամբ, բարգավաճմամբ եւ հաշտության հաստատմամբ: Որպես Միսնկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ն հանձնառու է աշխատել բոլոր կողմերի հետ խաղաղության հասնելու համար»,-  եզրափակում է Սպիտակ տան պատասխանը:

Պատասխանը բացահայտորեն անտեսում է Խոջալուի վերաբերյալ ադերբաջանական խնդրագիրը: Սա հակահարված էր ոչ միայն իրականացված ստորագրահավաքին, այլեւ ցույց է տալիս այս օրերին Միացյալ Նահանգներում Խոջալուի դեպքերը վերանայելու ուղղությամբ ադրբեջանցիների կողմից միլիոնավոր նավթադոլարներով իրականացվող քարոզչական պատերազմի սնանկությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am