Պարույր Հայրիկյանն Անդրիաս Ղուկասյանին է հանձնել միասնական թեկնածուով հանդես գալու բաց նամակը

Armenpress 14:55, 9 Փետրվար, 2013

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը հացադուլ հայտարարած թեկնածու Անդրիաս Ղուկասյանին է հանձնել միասնական թեկնածուով հանդես գալու բաց նամակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա այցելել է Անդրիաս Ղուկասյանին, ով քարոզարշավի մեկնարկի պահից` հունվարի 21-ից, «Վերջ շինծու ընտրություններին» կարգախոսով հացադուլ է հայտարարել ու հանգրվանել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բակում: 

Հայրիկյանը միավորվելու առաջարկով հանդես է եկել փետրվարի 9-ին բաց նամակով` նշելով, որ այդ ուղղությամբ իր զանգերը Րաֆֆի Հովհաննիսյանին ու Հրանտ Բագրատյանին անարձագանք էին մնում (չնայած «Ժառանգություն» կուսակցությունում նշում են, թե միավորվելու առաջարկի մասին տեղեկացել են մամուլից- խմբ.): «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդը նախագահական ընտրությունները 14 օրով հետաձգելու համար ՍԴ դիմելու որոշումը պայմանավորում էր թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի հետ ընդդիմադիր միասնական թեկնածու ունենալու շուրջ հնարավոր քննարկումների արդյունքներով: Նախագահական ընտրություններին նախագահի պաշտոնի համար պայքարում են յոթ թեկնածուներ, որոնցից երեքին, փաստորեն, Պարույր Հայրիկյանը ուժերը միավորելու կոչ է անում այն երկու շաբաթվա ընթացքում, որի հնարավորությունը նրան` որպես մահափորձի ենթարկված թեկնածուի տալիս է ՀՀ Սահմանադրությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am