Հայաշատ Քեսաբի ուղղությամբ ընկած հրթիռները մարդկային վնասներ չեն պատճառել

Armenpress 14:47, 27 Դեկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի սահմանի մոտ գտնվող հայաշատ Քեսաբի շրջակայքում դեկտեմբերի 26-ին հրթիռներ են ընկել` ահ ու սարսափ տարածելով բնակիչների շրջանում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ հալեպահայերի ֆեյսբուքյան էջից: Քեսաբի մեր հայրենակիցները տեղեկացնում են, որ բարեբախտաբար հրթիռները նպատակին չեն հասել եւ ընկել են լեռան վրա: Հալեպահայերի ֆեյսբուքյան էջից նաեւ տեղեկացանք, որ Սիրիայի հայ ավետարանական համայնքը մի քանի օր առաջ միաձայն համայնքապետ է ընտրել Վերապարտվելի Հարություն Սելիմյանին: Հալեպի իրավիճակի վերաբերյալ Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանը տեղեկացրեց, որ Հալեպում թեպետ իրավիճակը գոհացուցիչ չէ, սակայն այն չի վատացել, դժվարությունները նույնն են, վառելանյութն ավելի է թանկացել, կրակոցների ձայները լսելի են ծայրամասերում, իսկ կենտրոնական թաղամասերում ավելի հանգիստ է:

Ռեյիսյանի խոսքով` Հալեպում վերաբացված հայկական դպրոցներում դասընթացները նորմալ են ընթացել: Դասասենյակները հարմարացվել են ներկայիս պայմաններին, դասերն անցկացնվում են խտացված ծրագրով, որպեսզի հնարավորինս սեղմ ժամանակում հնարավոր լինի լրացնել բաց թողնվածը:

Հալեպի Բերի թեմի առաջնորդարանը շնորհակալական ուղերձ է հղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` սիրիահայությանը հարյուր հազար դոլարի չափով օգնություն տրամադրելու համար: Ուղերձում այդ քայլը որակվել է որպես ազգանվեր գործ: Գումարը պետք է բաժանվի Հալեպի, Դամասկոսի եւ այլ քաղաքների կարիքավոր հայերի միջեւ:

Ինչ վերաբերում է Դամասկոսում տիրող իրավիճակին, ապա մայրաքաղաքում վերջին օրերին փոքր-ինչ հանգիստ է, սակայն նոր տարվա մթնոլորտ չի նկատվում: Բաբ Թումա քրիստոնեական թաղամասում տխուր իրավիճակ է, լուսավորում չկա:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am