Հալեպում վերաբացվել են հայկական դպրոցները. Ժիրայր Ռեյիսյան
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բերիո թեմի ազգային առաջնորդարանին պատկանող ազգային վարժարանները վերսկսել են դասընթացները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ազգային առաջնորդարանի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ դպրոցները կենտրոնացել են մեկ շենքի մեջ ավելի ապահով լինելու նպատակով: Դեկտեմբերի 25-ին մի քանի դպրոցներ նախապատրաստական աշխատանքներ են տարել, իսկ այսօր արդեն սկսվել են դասընթացները: Դեռեւս տարեսկզբին Կարեն Եփփե անվան ազգային ճեմարանը սկսել էր բարձր դասարանների դասընթացները, եւ արդեն դեկտեմբերի 26-ին մեկնարկել են նաեւ մյուս դասարանների դասերը: Ընդհանուր առմամբ, Ռեյիսյանի տեղեկացմամբ, վերաբացվել են Կարեն Եփփե, Սահակյան, Գյուլբենկյան, Զավարյան եւ Հայկազյան դպրոցները:
Ինչ վերաբերում է քաղաքում տիրող ընդհանուր վիճակին, մամուլի քարտուղարը նշեց, որ կրակոցների ձայներ լսվում են, սակայն կենտրոնական թաղամասերում ավելի հանգիստ է: Իսկ մյուս խնդիրները` կապված հացի, էլեկտրականության, ջեռուցման հետ, մնում են անփոփոխ: Շատերը փորձում են ծառերը կտրել եւ որպես վառելանյութ օգտագործել բնակարանները տաքացնելու համար:
Տոներին ընդառաջ պետությունն ավելի է ուժեղացրել քաղաքի հսկողությունը, որպեսզի միջադեպեր չգրանցվեն: Ամանորի տոների վերաբերյալ Ռեյիսյանը նշեց, որ հայկական համայնքում եկեղեցական արարողություն տեղի կունենա, սակայն տոնը ստեղծված պայմաններում նշելու հնարավորություն չկա:
Սիրիայում շուրջ 21 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է մոտավորապես 40 հազար մարդ, այդ թվում չորս տասնյակից ավելի հայեր:
- ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի
նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար