Այվազովսկու կտավը Sotheby's աճուրդում վաճառվել է 825, 250 ֆունտ ստեռլինգով

Armenpress 16:07, 27 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնկա գիշերին» կտավը Լոնդոնի Sotheby's աճուրդի տանը նոյեմբերի 26-ին վաճառվել է 825,250 ֆունտ ստեռլինգով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով  Լոնդոնի Sotheby's աճուրդի տան կայքէջը: Լոնդոնի Sotheby's աճուրդի տանն աշխարհահռչակ ծովանկարչի տասը կտավ է հանվել աճուրդի։ Նոյեմբերի 26-ին եւ 27-ին աճուրդի գլխավոր առաջատարներ են եղել «Գալաթայի աշտարակը լուսնկա գիշերին», «Լուսնի ծագը Ոսկե Ռնգեղջյուրի ծովածոցում» եւ «Բոսֆորի վրայով» նկարները։ Այս բնանկարներում պատկերված են Կոստանդնուպոլսի տեսարաններ:

Նոյեմբերի 26-ին Sotheby's աճուրդի տանը Հովհաննես Այվազովսկու «Գալաթայի աշտարակը լուսնկա գիշերին» կտավից բացի ևս չորս գործեր են վաճառվել ռեկորդային գնով: Այդ կտավներն են` Լադո Գուդիաշվիլիի «Սև փոթորիկի կողմից» նկարը, որը վաճառվել է 937,250 ֆունտ ստեռլինգով, Վալենտին Սերովի «Պրասկովիա Անատոլիեվնա Մամոնտովա»-ի դիմանկարը` 1,217,250 ֆունտ ստեռլինգով, Վասիլի Վերեշչագինի «Վիրավորների տեղափոխումը»`  937,250 ֆունտ ստեռլինգով և Իվան Շիշկինի բնանկարը` 881,250 ֆունտ ստեռլինգով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am