Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ. Իրաքի նախագահ

Armenpress 19:51, 8 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի  համանախագահ Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 8-ին Սուլեյմանիայում  հանդիպել է Իրաքի Հանրապետության նախագահ Ջալալ Թալաբանիի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն Իրաքի նախագահին փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ երկկողմ հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը:

Ջալալ Թալաբանին ընդգծել է, որ Իրաքը շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ եւ ակտիվացմամբ: Նա ողջունել է կողմերի ջանքերը` միջկառավարական հանձնաժողովը կարճ ժամկետներում ձեւավորելու եւ առաջին նիստը գումարելու ուղղությամբ:

Փոխվարչապետը ներկայացրել է հանձնաժողովի նիստի արդյունքները: Անդրադարձ է եղել երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորման անհրաժեշտությանը: Արմեն Գեւորգյանը տեղեկություններ է հաղորդել մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Մասնավորապես խոսվել է տրանսպորտային, նավթագազային, էներգետիկ  եւ մի շարք այլ ոլորտներում գործակցության հեռանկարների մասին:

Երկուստեք կարեւորվել է առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, արձանագրվել, որ ապրանքաշրջանառության ծավալները չեն համապատասխանում իրականում գոյություն ունեցող ներուժին, եւ նոր ձեւավորված միջկառավարական հանձնաժողովի առաջնահերթ խնդիրը պետք է լինի այդ ներուժի բացահայտումն  ու իրացումը:

Իրաքի նախագահը կարեւորել է համատեղ ջանքերով ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացումը: Նա նաեւ իր բարեմաղթանքներն է փոխանցել Հայաստանի նախագահին:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային  խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանի երկրների հետ  Հայաստանի հարաբերությունների մասին: Նա ողջունել է Իրաքի իշխանությունների` երկրի  կայունացմանն ուղղված ջանքերը եւ խաղաղություն մաղթել Իրաքի բարեկամ ժողովրդին:

Իրաքի նախագահն առանձնահատուկ ջերմությամբ է խոսել հայ համայնքի մասին` ընդգծելով նրա դերն Իրաքի զարգացման գործում:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am