Գյուղմթերքի փողոցային առեւտրի վերացումը գնահատելի էր, բայց չնպաստեց ապրանքների էժանացմանը

Armenpress 16:33, 2 Նոյեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքի փողոցներից գյուղմթերքի առևտրի կասեցումը Երևանի քաղաքապետարանի կողմից ճիշտ քայլ էր: Ինչպես տեղակացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Դրանց փոխարեն ստեղծված գյուղատնտեսական տոնավաճառները, սակայն, չեն նպաստել գյուղմթերքի գների իջեցմանը, թեև տոնավաճառի գաղափարն էլ այն էր, որ այնտեղ վաճառվող գյուղմթերքը 30-50 տոկոս էժան պետք է լինի սովորական շուկաներից: Խնդիրն այն է, որ խոշոր գյուղացիական տնտեսությունները ժամանակ չունեն իրենց արտադրանքը Երևանում կամ այլ քաղաքներում իրացնելու համար, մանրերի պարագայում էլ տրանսպորտային ծախսերը բավականին մեծ են: Արդյունքում, գյուղերում մեծ բեռնատարողությամբ մեքենաներ ունեցողները համագյուղացիներից էժան գնում են բերքը և վերավաճառում Երևանում: Պարզապես նախկին քաղաքային վերավաճառողներին փոխարինել են գյուղական վերավաճառողները, որի հետևանքով էլ շուկաներում գյուղմթերքի գները զգալիորեն բարձր են նախնական գներից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am