Հալեպում բախումները նոր թափ են առել. ընդդիմադիրները փորձել են թափանցել որոշ հայաբնակ թաղամասեր

Armenpress 17:01, 25 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի թաղամասերում մի քանի օր շարունակ տիրող հանգիստ իրավիճակին հակառակ հոկտեմբերի 25-ի առավոտյան անակնկալ կերպով բուռն կրակոցներ սկսվեցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ ընդդիմադիրները փորձել են թափանցել որոշ թաղամասեր, որտեղ նաեւ հայեր են բնակվում: Ռեյիսյանը նաեւ տեղեկացրեց, որ փոխհրաձգությունը շարունակվում է մինչեւ այժմ, սակայն հստակ պատկեր չի երեւում պատճառված վնասների, ինչպես նաեւ մարդկային կորուստների վերաբերյալ: Բանակն ամեն կերպ փորձում է հետ մղել  ընդդիմադիրներին: 

Անդրադառնալով Աշրաֆիե թաղամասում տեղի ունեցող բախումներին` Ռեյիսյանը նշեց, որ թաղամասում քիչ թվով հայեր են բնակվում, եւ նախորդող օրերին առավել հանդարտ թաղամասն այժմ ներառվել է բախումային շրջանների մեջ: Ինչ վերաբերում է հայաշատ Նոր Գյուղ թաղամասին, ապա այնտեղ առավել մեծ վտանգ  են ներկայացնում դիպուկահարները, «մինչ այժմ, բարեբախտաբար տուժածներ չկան»:

Հայաստանից Հալեպ հասած մարդասիրական օգնության օդանավի ուղեբեռը դեռեւս օդանավակայանում է, եւ դրա դուրս բերման աշխատանքներ են իրականացվում:

Ռեյիսյանի տեղեկացմամբ` Ազգային առաջնորդարանին պատկանող հայկական դպրոցներն ապահովության նկատառումներից ելնելով, ցավոք, դեռեւս փակ են: Իսկ որոշ դպրոցներ մասամբ գործում են:

Դամասկոսահայերից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ մայրաքաղաքի կենտրոնական թաղամասերում իրավիճակը հանգիստ է: Քաղաքում իրավիճակը, սակայն, խիստ հսկողության տակ է, խուզարկվում են բոլոր մեքենաները: Լարվածություն է նկատվում Դամասկոսի ծայրամասերում, սակայն մեծ միջադեպեր չեն արձանագրվել:

Ֆեյսբուքյան «Հալեպի լրատվական ցանց» էջից տեղեկացանք, որ ընդդիմադիրները Սրյանի թաղամասից նահանջել են եւ հասել ֆրանսիական հիվանդանոցի մոտ: Աշրաֆիիե թաղամասում դիպուկահարները տարածվել են շենքերի մեջ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am