Սանկտ -Պետերբուրգում բացվել է գեղանկարիչ Վարուժան Եփրեմյանի անհատական ստեղծագործությունների ցուցահանդեսը
ՍԱՆԿՏ -ՊԵՏԵՐԲՈՒՐԳ 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, 2012 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ-Պետերբուրգում` Կառլ Բուլեյի պատմական ֆոտոսրահում, հոկտեմբերի 18-ին բացվեց գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ Վարուժան Եփրեմյանի «Մոդեռնիզմից դեպի ռեալիզմե խորագիրը կրող ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը:
Սանկտ -Պետերբուրգից «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ հեղինակը ցուցադրման է ներկայացրել վերջին տարիների իր լավագույն կտավները:
Նա բազմաժանր նկարիչ է, հավատարիմ է մնացել հայ գեղանկարչության ավանդույթներին, սակայն նրան խորթ չեն սյուռեալիզմի, աբստրակցիոնիզմի ժանրերը , որոնք հնարավորություն են տալիս աշխարհն ընկալել յուրովի` գույների, արտահայտչամիջոցների իրարամերժ լուծումներով:
Վարուժանը ստեղծագործում է հոգու ներշնչանքով, արտաքին ազդակները ենթարկում ներքին տրամաբանության կանոններին, նրա մոտ սկզբում զգացումը վերածվում է գույնի, հետո նոր միայն ձևավորվում է պատկերը, նկարը: Այդպես են ստեղծվել «Բարձրունքների երգը», «Ծիրանի համը», «Արաքս գետը». «Պուշկինյան աշուն». «Արարարտ» և մյուս գործերը:
Նկարիչն ավարտել է Երևանի Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանը և Թատերական ինստիտուտի քանդակի և գեղանկարչության բաժինը, այնուհետև տեղափոխվել է Սանկտ –Պետերբուրգ, որտեղ նրա աշխատանքները բազմիցս են ցուցադրվել ու բարձր գնահատականի արժանացել:
Վարուժան Եփրեմյանի ստեղծագործությունները ցուցադրվել են նաև Ռուսաստանի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների հեղինակավոր պատկերասրհաներում և արվեստի ճանաչված կենտրոններում:
Ցուցահանդեսի բացման կապակցությամբ նկարչին շնորհավորեցին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, «Հավատամք» թերթի գլխավոր խմբագիր Արմեն Մերուժանյանը, ռեժիսոր Համլետ Հայրապետյանը, տեղի ռուս գործընկերները, այլք: