ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը Հայաստանում կքննարկի առևտրի ու էներգետիկ հարցեր

Armenpress 10:00, 17 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի հերթական հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին: Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը, որի կազմում ներառված են ներկայացուցիչներ ԱՄՆ միջուկային կարգավորման հանձնաժողովից, Առևտրի ներկայացուցչի գրասենյակից և Միջազգային զարգացման գործակալությունից, կգլխավորեն ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Էրիկ Ռուբինը և ԱՄՆ կառավարության աջակցության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը:

Այս տարի նաև նշվում է հայ-ամերիկյան հարաբերութունների քսանամյակը: Հայ-ամերիկյան աշխատանքային խմբի գործունեությունը երկու երկրների միջև տևական ու ամուր կապերի վառ օրինակ է: Այս տարվա հանդիպման ընթացքում ուշադրության կենտրոնում կլինեն առևտրի ու ներդրումների խթանումը և էներգետիկ ոլորտում համագործակցության մեծացման հնարավորությունները:

1999թ. ձևավորված Հայ-ամերիկյան աշխատանքային խումբը ամենամյա հանդիպումներ է ունենում, որոնք հնարավորություն են ընձեռում քննարկել տնտեսական կապերը խորացնելու ուղիները և հարթակ են ապահովվում առևտրին ու ներդրումներին վերաբերող հարցերը քննարկելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am