Թուրքական Taraf-ը անդրադարձել է Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը

Armenpress 15:24, 12 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարաքաղաք Ստեփանակերտի օդանավակայանի բացման վերաբերյալ խոսակցություններն Ադրբեջանում և Թուրքիայում չեն դադարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` օդանավակայանի շահագործման խնդրին և այս հարցում Ադրբեջանի դիրքորոշմանն անդրադարձել է թուրքական Taraf պարբերականը:

Հոդվածագրի խոսքով, հայկական իշխանությունները` Հայաստանի և Արցախի շրջափակումը մասամբ մեղմացնելու նպատակով ցանկանում են բացել օդային ճանապարհը: Թուրքական պարբերականն իր ընթերցողներին հիշեցնում է. «Ադրբեջանը դեպքի առնչությամբ հերթական անգամ ռազմատենչ հայտարարություն է արել` ասելով, որ Ստեփանակերտ գնացող բոլոր ինքնաթիռները պետք է անցնեն Ադրբեջանի տարածքով. հակառակ դեպքում սպառնացել է կրակ բացել դրանց վրա, ինչը կարող է պատերազմի պատճառ դառնալ»:

Այդուհանդերձ, պարբերականն անհիմն է համարել ադրբեջանական իշխանությունների արած հայտարարությունները` ընդգծելով նաեւ Ադրբեջանում առկա խնդիրները և դրանց լուծման բացակայությունը: «Որքանով Ադրբեջանին կհաջողվի համառել եւ հաջողել այս հարցում, երբ հենց ինքը միջազգային հանրության շրջանում շատ ցածր վարկանիշ ունի»,- արդարացիորեն եզրափակել է թուրքական պարբերականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am