«WebԾիրան» 2-րդ համահայկական առցանց կինոփառատոնը շուտով կմեկնարկի

Armenpress 12:19, 10 Հոկտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնը կմեկնարկի նոյեմբերի 1-ին եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 30-ը: Այն իրականացնում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Webtv.am ինտերնետ հեռուստատեսությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունից, սահմանված է մեկ գլխավոր եւ երկու խրախուսական մրցանակ: Գլխավոր մրցանակակիրը կպարգեւատրվի 300 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով եւ հատուկ դիպլոմով, խրախուսական մրցանակակիրները` 100 ական  դոլարին համարժեք դրամով եւ հատուկ դիպլոմով: Ամենաշատ դիտումներ արձանագրած ֆիլմը կարժանանա «Համակրանք» խրախուսական մրցանակին եւ հատուկ դիպլոմի:

«WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 1-7-ընկած ժամանակահատվածում` հատուկ մրցանակաբաշխության ժամանակ: Արդյունքները կամփոփի պրոֆեսիոնալ ժյուրին: «WebԾիրան» 2-րդ համահայկական օնլայն կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը ցուցադրվելու են բացառապես webtv.am ինտերնետ հեռուստատեսությամբ: «WebԾիրան»-ին կարող են մասնակցել Հայաստանում եւ արտերկրում ապրող բոլոր կինոռեժիսորները: Կինոփառատոնին կարող են ներկայացվել մինչեւ 20 րոպե տեւողությամբ ֆիլմեր` առանց ժանրային սահմանափակումների` խաղարկային, վավերագրական, անիմացիոն եւ այլն: Համահայկական կինոփառատոնին ներկայացված ֆիլմերը կարող են նկարահանված լինել ցանկացած տեխնիկական միջոցով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am