Ահմադինեժադը պետության թշնամիներին մեղադրել է ամպերը ցրելու մեջ

Armenpress 10:39, 12 Սեպտեմբեր, 2012

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ պետության թշնամիները միտումնավոր ցրում են ամպերը, որպեսզի երաշտ առաջացնեն երկրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ահմադինեժադի այս հայտարարությունը սեպտեմբերի 11-ին տարածել են իրանական օնլայն ԶԼՄ-ները, այդ թվում` BBC-ի պարսկերեն կայքը:

«Թշնամիները ցրում են դեպի մեր երկիր շարժվող ամպերը»,- ասել է Ահմադինեժադը` հավելելով, որ «այդ պատերազմում հաղթանակը մերը կլինի»: Թե Իրանի նախագահն ինչպես է մտադիր պայքարել ամպերի չարամիտ ցրման դեմ, չի ճշտվում:

 Իրանի նախագահը 2012 թվականի մայիսին երկրի թշնամիներին արդեն մեղադրել էր արհեստական երաշտ ստեղծելու մեջ: Այն ժամանակ Ահմադինեժադն ասում էր, որ ամպերի ցրմամբ զբաղվում են եվրոպական երկրները, որոնք դրա համար օգտագործում են հատուկ սարքավորումներ:

Իրանի իշխանությունները եւ անձամբ Ահմադինեժադը պարբերաբար հայտարարում են արեւմտյան երկրների կողմից նյութվող դավերի մասին, որոնք ուղղված են Իսլամական Հանրապետության եւ նրա ղեկավարության դեմ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am