Սաֆարովի դեպքը ծաղր է արդարության նկատմամբ. վաշինգտոնահայերը կրկին բողոքի ցույցի են դուրս եկել
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի հայ համայնքը Հունգարիայի դեսպանատան առաջ կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ պահանջել է մարդասպան Ռամիլ Սաֆարովին անմիջապես կրկին ազատազրկել: Ցուցարարները Հունգարիայի կողմից ոճրագործին Ադրբեջանին արտահանձնելը, Ադրբեջանում նրան ներում շնորհելը եւ փառաբանելն անվանել են ծաղր` արդարության նկատմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբից:
Հայ Երիտասարդների միության «Անի» մասնաճյուղի տնօրեն Թեւին Փոլադյանը Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հունգարական կողմի քայլը պարզապես անխիղճ արարք է համարում: «Այս արարքը պետք է շտկվի: Սաֆարովին ներում շնորհելու նախագահ Ալիեւի որոշումը շատ հստակ ուղերձ է իր զինվորականներին. «սպանիր անպաշտպան հայերին, եւ դու կոչում կստանաս, կապահովվես բնակարանով եւ այլ շնորհների կարժանանաս»,-նշել է նա:
ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեի անդամ Հովսեփ Ավագյանը նշել է, որ Սաֆարովին ազատ արձակելը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ միջազգային ջանքերը թուլացնելու Ադրբեջանի կառավարության վերջին եւ թարմ օրինակն էր: Նա մեջբերել է ադրբեջանական կողմից հրադադարի խախտումները, ինչպես նաեւ պատերազմը վերսկսելու հայտարարությունները: «Ինչպես կարող է նախագահ Ալիեւը համարվել խաղաղության հուսալի գործընկեր, եթե նրա գործողությունները հրահրում են բռնություն, ատելություն եւ պատերազմ»,-նշել է Հովսեփյանը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր հերթին անդրադարձել է միջազգային հանրության մտահոգությանը եւ զայրույթին` ուղղված Ադրբեջանի եւ Հունգարիայի գործողություններին, այդ թվում` եւ Սպիտակ տան, եւ պետքարտուղարության հայտարարություններին, որոնք հրապարակվել էին Սաֆարովին ազատ արձակելուց ժամեր անց: «Հայտարարություններն առաջին կարեւորագույն քայլերն էին, սակայն անհրաժեշտ է արդեն գործել, գործել Ադրբեջան- ԱՄՆ ռազմական օժանդակությունը կասեցնելու ուղղությամբ»,-ասել է Համբարյանը:
Սեպտեմբերի 9-ի բողոքի ցույցը, որը կազմակերպել են ՀՅԴ «Սեպուհ» կոմիտեն եւ ԱՄՆ Հայ երիտասարդների միության «Անի» մասնաճյուղը, մայրաքաղաք Վաշինգտոնում Սաֆարովի արտահանձնման դեմ անցկացված արդեն երկրորդ ակցիան էր: Առաջինը, որը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին, արտահանձնումից անմիջապես հետո, հրատապ գործողություն էր, որի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչները պահանջել էին արդարության վերականգնում:
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերենի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին: 2012թ-ի օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները որոշում են կայացրել արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին: Ադրբեջան արտահանձնվելուց հետո ոճրագործն արժանացավ նախագահ Իլհամ Ալիեւի ներմանը, նրան շնորհեցին մայորի կոչում, ապահովեցին բնակարանով, անձնագրով եւ հերոսացրին:
- Օրբանին Հունգարիայում շարունակում են մեղադրել Սաֆարովին
արտահանձնելու որոշման համար
Իշխանությունները լուրջ քննադատությունների թիրախ են դառնում ընդդիմադիրների կողմից: - Ավստրալիան անհանգստացած է Սաֆարովի արտահանձման փաստի
առնչությամբ
Ադրբեջանի գործողություններն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից շարունակվող միջնորդության ջանքերը քայքայելու ներուժ. ԱԳՆ: - Կոնգրեսական Բերմանն ԱՄՆ պետքարտուղարին առաջարկում է կասեցնել
Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԳՀԽ ծրագրին
Սաֆարովի արտահանձնման դեպքի առնչությամբ Հովարդ Բերմանը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: - Շվեդիայի խորհրդարանականները պահանջել են Հունգարիայի պաշտոնական
պարզաբանումը «սաֆարովյան» գործով հետագա քայլերի շուրջ
«Միեւնույն ժամանակ մենք հույս ենք տածում, որ ձեր կառավարությունը կձեռնարկի վճռական միջոցներ` Բաքվին հանդիմանելու միջազգային օրենքները խախտելու, Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը վտանգելու համար»,-նշվում է նամակում: - Սպանությունը դատապարտում են, այլ ոչ թե փառաբանում ու պարգեւատրում.
կանադացի օրենսդիր
«Ցանկանում եմ արտահայտել իմ բացարձակ արհամարհանքը եւ լիակատար անվստահությունը` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի միջադեպի հետ կապված վերջին զարգացումների առնչությամբ»,-ասել է Կանադայի շրջանային խորհրդարանի պատգամավորը: