«Հայարտուն» կենտրոնի սաները մաքրել եւ բարեկարգել են Թբիլիսիի Հայոց մեծերի պանթեոնը

Armenpress 14:44, 25 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու  Վիրահայոց Թեմի  «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ներսես Շնորհալի» մանկապատանեկան համույթն ազգանվեր նախաձեռնությամբ օգոստոսի 23-ին շաբաթօրյակ է անցկացրել Թբիլիսիի Հայոց մեծերի պանթեոնում: Վիրահայոց մամլո դիվանից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ համույթի անդամները` խմբավար Մարի Աբուլյանի ղեկավարությամբ եւ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լեւոն Չիդիլյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի ուղեկցությամբ, ամառային հանգստի մեկ օրը տրամադրել են հանրօգուտ աշխատանքին` Թբիլիսիում հանգչող հայ ազգի մեծամեծների շիրիմների եւ տապանաքարերի մաքրմանը, պանթեոնի  տարածքի  բարեկարգմանը:

Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջիվանքի Պանթեոն այցելությունը եւ խոնարհումը ազգի մեծերի շիրիմների առաջ` աշխարհասփյուռ հայերի Թբիլիսի այցելության առաջին ցանկությունն է:

Ռուսաստանի Դաշնությունից, Բեյրութից  ժամանած այցելուներին առանձնահատուկ ուրախություն է պատճառել ներսեսշնորհալցիների կազմակերպած  շաբաթօրյակը: Խանդավառված փոքրերի ոգեւորությամբ` պանթեոնի այցելուները նույնպես ընդգրկվել են շաբաթօրյակի աշխատանքներին եւ միասին  բարեկարգել են պանթեոնի տարածքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am