Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը փոխհամաձայնության են հանգել Հայաստանին մատակարարվող գազի գնի շուրջ

Armenpress 17:14, 8 Օգոստոս, 2012

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Ռուսաստանը փոխհամաձայնության են հասել մեր երկրին մատակարարվող ռուսական գազի գնի շուրջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը, այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսօր մենք խոսեցինք կարևոր թեմայի շուրջ` Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ: Կարծում եմ` գտել ենք փոխհամաձայնություն դրա սահմանման սկզբունքների շուրջ: Այն պետք է համապատասխանի գազի շուկայական գնին, լինի համեմատելի տարածաշրջանային սակագներին` պահպանելով Հայատանի տնտեսության արդյունավետ զարգացումը»,- ասել է ՀՀ նախագահը:

Ներկայում Հայաստանին մատակարարվող գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար:

Մոսկվայում կայացած հանդիպմանը երկու պետությունների ղեկավարների քննարկման առանցքում են եղել անվտանգության խնդիրները Հարավային Կովկասում, երկկողմ հարաբերությունների օրակարգը, միջազգային եւ տարածաշրջանային այլ արդիական հարցեր, ԱՊՀ տարածքում երկու երկրների համագործակցությունը խորացնելու հեռանկարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am